13.10.2024
Արցախի նախագահը շնորհակալական նամակ է գրել Արգենտինայի նախագահին
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կեղծ թեզերին

ԱԳՆ հայտարարություն Ադրբեջանի կեղծ թեզերի վերաբերյալ.

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման:


Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում միջազգային հանրությանը «համապատասխանատու» կարգելու նպատակ ունի, ինչն անընդունելի է:


Վերոհիշյալ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդել են, թե Հայաստանի Հանրապետությունը մերժում է լարվածության թուլացմանն ուղղված բոլոր առաջարկները: Անհասկանալի է, թե ինչ առաջարկների մասին է խոսում Ադրբեջանը, և օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տվյալ հարցը պարզաբանված չէ: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում:


Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որևէ աղերս չունեն: Հայաստանի Հանրապետության աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով: Հայաստանի Հանրապետությունը ողջունում է երկարատև դադարից հետո հումանիտար առաջին բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հույս ունի, որ այն շարունակական ու կայուն բնույթ կկրի:


Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ Լաչինի միջանցքի 9 ամիս շարունակվող արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է:


Չէին լինի Հայաստանի, միջազգային գործընկերների, անգամ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, եթե ինքը՝ Ադրբեջանը, իր ապօրինի գործողություններով չստեղծեր հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում և չխոչընդոտեր ՄԱԿ կառույցների և այլ միջազգային գործընկերների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքի արգելափակմանը զուգահեռ Ադրբեջանը խափանել է գազի և Էլեկտրականության մատակարարումները դեպի ԼՂ, ինչն ակնհայտ է դարձնում, որ միջանցքի արգելափակման ադրբեջանական խոսույթը կեղծ է. եթե Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացատրում է միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ զենք և ռազմամթերք տեղափոխելու մասին կեղծ լուրերով, անհասկանալի է թե էլեկտրագծերով էլ ինչ է հնարավոր տեղափոխել բացի էլեկտրական էներգիայից և գազամուղով էլ ինչ է հնարավոր տեղափոխել բացի բնական գազից: Ինչ վերաբերվում է ԼՂ-ում ՀՀ բանակի առկայության վերաբերյալ ադրբեջանական պնդումներին, կրկին ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականապատում իրականացնելու կեղծ պնդումները հերքվել են Արդարադատության միջազգային դատարանի ս.թ. փետրվարի 22-ի որոշումով:


Հարկ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին: Մտահոգությամբ ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն մինչև օրս հրապարակային կերպով չի հաստատել իր հավատարմությունը մասնավորապես 2023թ. մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածություններին, ինչը տարածաշրջանում լարվածության առանցքային գործոն է:


Ադրբեջանի նկատառումները Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին նույնպես անհասկանալի են: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ հարևանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որևէ մտադրություն չունի, իսկ ռազմական ոլորտի բարեփոխումները սեփական տարածքային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն:


Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, լարվածության թուլացման միջոցը տեսնում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և հույս ունենք, որ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված մեր միջազգային գործընկերները հավելյալ միջոցներ կձեռնարկեն նման երկխոսության հուսալի մեխանիզմներ ստեղծելու համար:


 

Սնուփ Դոգի համերգը Հայաստանում խոստանում է աննախադեպ երաժշտական տոն պարգևել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ