Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կրկին պնդել է՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականցվում է ցեղասպանություն: Այս տեսակետն անընդունելի է բրիտանացի փաստաբան Ռոդնի Դիքսոնի համար։
Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պնդել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Հայկական կողմի խնդրանքով նա իր փորձագիտական կարծիքն էր ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի մասին:
Վկայակոչելով 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության հինգ տարբերակները՝ Օկամպոն առանձնացրեց մի խումբ մարդկանց ոչնչացնելու համար պայմաններ ստեղծելը, որն անգամ չի նախատեսում զոհերի առկայություն:
«[Արդարադատության միջազգային դատարանի] 15 դատավորներ միաձայն որոշեցին, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղում [բնակվող] մարդկանց կյանքին»,- ասաց նա:
Նրա կարծիքով, ադրբեջանական կողմի մտադրություններն ակնհայտ են. Բաքուն շարունակաբար մերժում է Լաչինի միջանցքը վերաբացելու միջազգային հանրության կոչերը՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Լուիս Մորենո Օկամպոն կարևորեց «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը՝ միջազգային հանրությանը, հատկապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային ահազանգելու համար, որոնք ներգրավված են ղարաբաղյան բանակցային գործընթացում:
«Եթե գործ ունենք մարդասիրական ճգնաժամի հետ, ապա նրանք [միջազգային հանրությունը] կարող են կոչ անել քաղաքական բանակցություններ վարել, կարող են այլ որակովորումներ տալ, սակայն եթե դա ցեղասպանություն է, ապա ունենք այլ իրավիճակ»,- նշեց նա։
Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի շուրջ ծավալված քննարկմանը, և այն, որ հայկական կողմից զատ, որևէ այլ երկիր զերծ մնաց տեղի ունեցածը որակել «ցեղասպանություն», Օկամպոն հիշեցրեց, որ 1990-ականներին՝ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում էր «զանգվածային սպանությունները»՝ խուսափելով դրանք կոչել «ցեղասպանություն»:
Նրա խոսքով, պետությունները չեն ցանկանում ճանաչել ցեղասպանությունը, քանի որ ճանաչման դեպքում պետք է դիմեն որոշակի գործողությունների:
«[ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդում յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր շահերը, իսկ այստեղ՝ այդ առումով շահ չունեն: Իրավական առումով ամեն ինչ պարզ է: Քաղաքական տեսանկյունից է բարդ, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին՝ Իրանի հետ հակամարտությունում։ Եվրոպային անհրաժեշտ են տարածաշրջամնից եկող էներգակիրներ։ Այսպիսով, առկա են բազմաթիվ քաղաքական շահեր, որոնք ազդում են իրավական արձագանքի վրա»,- ասաց Օկամպոն։
Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան գալով համաձայնության Լեռնային Ղարաբաղի հարցում՝ կարող են ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ և արագորեն հասնել Լաչինի միջանցքի վերաբացմանը: