Արցախի լիակատար պաշարման պայմաններում «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնել եւ արդեն սկսել է Արցախի բնակչության առաջնահերթ կենսական կարիքների լուծմանն ուղղված հրատապ ծրագրեր իրականացնել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են գործակալությունից:
Հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումների լիակատար արգելափալումը ծանր իրավիճակ է ստեղծել Արցախում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ գործակալությունը, համագործակցելով «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հետ, մի շարք ծրագրեր է նախաձեռնել:
«Ընտրվել են այնպիսի ծրագրեր, որոնք հնարավոր է իրականացնել հենց Արցախում՝ տեղական ռեսուրսներով, քանի որ այս պահին դեպի Արցախ որեւէ բեռնափոխադրում չի իրականացվում: Մեր բոլոր այն ծրագրերը, որոնք կապված էին փոխադրումների հետ, այս պահին սառեցված են: Ստեղծված իրավիճակում խնդիրները բազմաթիվ են ու, բնականաբար, մեր գործակալությունը չի կարող ձեռքերը ծալած նստել: Ընդհակառակը՝ մենք որոշել ենք բազմապատկել մեր ջանքերը, եւ ցույց տալ, որ անգամ այսպիսի իրավիճակներում մեր ուժերով շատ բանի կարող ենք հասնել»,- ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր եւ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը:
Ծրագրերից մի քանիսն արդեն մեկնարկել են, մյուսները գտնվում են նախապատրաստական փուլում:
Էլեկտրամոբիլով հղիների եւ հիվանդների՝ հիվանդանոց տեղափոխման ծրագիր: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 27-ին, եւ ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ հարակից գյուղերից արդեն շուրջ 200 հղի կին եւ հիվանդ է տեղափոխվել հիվանդանոցներ: Լիակատար պաշարման հետեւանքով բենզինի ու դիզվառելիքի բացակայությունը բնակչության տեղաշարժի լուրջ դժվարություն է առաջացրել: Այս իրավիճակում հղի կանանց ու առողջական խնդիրներ ունեցողներին ժամանակին հիվանդանոց տեղափոխելը կենսական կարեւորություն ունի:
Թիթեղյա վառարանների տրամադրում սոցիալապես անապահով խմբերին: Այս ծրագիրը նույնպես արդեն մեկնարկել է եւ ենթադրում է վառելափայտի համար նախատեսված թիթեղյա վառարանների պատրաստում եւ տրամադրում անապահով խմբերին: Անցած ձմռանը եւս «Մենք ենք մեր սարեր» գործակալությունը նման ծրագիր է իրականացրել՝ հաշվի առնելով այն, որ հոսանքազրկման եւ գազազրկման պայմաններում այդպիսի վառարանները բնակչության համար առաջնային նշանակություն են ստանում:
«Հակոբավանք վանական համալիրի վերածնունդ» ծրագիր: Այն ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանմանը: 7-րդ դարի վանական համալիրի եւ հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի սոցիալական եւ կրթական ենթակառուցվածքների վերանորոգում: Գյուղը գտնվում է Հակոբավանքի հարեւանությամբ: Ծրագրով նախատեսվում է վերանորոգել Քոլատակ գյուղի դպրոցը եւ համայնքային ենթակայության մի քանի տիրազուրկ տներ՝ կարիքավոր ընտանիքների տրամադրելու համար:
Ամառային ճամբարների կազմակերպման ծրագիր: Այս ծրագրի շրջանակում կազմակերպվել են ինչպես «Մունք» տեխնոդպրոցի ճամբարը, բակային ճամբարներ երեխաների համար, այնպես էլ ուսումնամարզական պարապմունքներ եւ մրցույթներ:
Սոցիալական ճաշարանի ծրագիր: Այն գտնվում է նախապատրաստական փուլում եւ մեկնարկելու է առաջիկա օրերին: Լիակատար պաշարման այս օրերին, երբ հատկապես բնակչության խոցելի խմբերը հայտվել են սնունդ հայթայթելու մեծագույն դժվարության առջեւ, այս ծրագիրը հրատապ կարեւորություն ունի:
Ձիակառքերով բեռնափոխադրումների իրականացում: Բենզինի ու դիզվառելիքի բացակայության հետեւանքով կտրվել է գյուղից քաղաք, քաղաքից գյուղ կապը: Այս իրավիճակում կենսական է ձիակառքերի միջոցով բեռնափոխադրումների իրականացումը: Ծրագիրը դեռեւս գտնվում է նախապատրաստական փուլում եւ կմեկնարկի առաջիկայում:
«Մենք ենք մեր սարերը» գործակալության թիմը շարունակելու է նախաձեռնել եւ գործակալության նվիրատուների աջակցությամբ իրականացնել նոր ծրագրեր, որոնք ուղղված են շուրջ ութ ամիս ադրբեջանական շրջափակման, իսկ հունիսի 15-ից՝ լիակատար պաշարման մեջ ապրող արցախահայության բազմաթիվ խնդիրների մեղմմանը: