Քննարկվել է ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 7-ին ընդունել է Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ-ից:
Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեությունում։
Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ ընդգծվել է ԵՄ-Հայաստան համագործակցության բազմամյա փորձի ու ձեւավորված գործընկերային փոխհարաբերությունների կարեւորությունը, քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել EU4Business Տեխնոլոգիաների զարգացում (Technology Development), Արեւելյան գործընկերության EU4Digital & Cybersecurity initiatives ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, դրանց շարունակականությանը, նոր ծրագրերի հնարավորություններին առնչվող մի շարք հարցերին։
Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է հեռահաղորդակցության, թվայնացման, կիբեռանվտանգության ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու օրենսդրական նախաձեռնությունները:
Հանդիպման ավարտին նախարար Ռոբերտ Խաչատրյանը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին համատեղ աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից կմեկնի լավ հիշողություններով։