Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր
Օգոստոսի 4-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի դեսպան Պավան Կապուրի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները։
Դեսպան Վ.Հարությունյանը գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Վ.Հարությունյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը հատել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի սահմանը՝ ըստ էության բացահայտելով խաղաղ բնակչությանը փաստացի պաշարում հայտարարած Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել բնակչության՝ սննդամթերքի, կենսական անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի հասանելիության բացակայության փաստի վրա։ Այս համատեքստում Դեսպանը նշել է Լաչինի միջանցքի հնարավորինս արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը։
Տեղի է ունեցել նաև մտքերի լայն փոխանակություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։