Մավրիդես. Ադրբեջանի կողմից Լաչինի արգելափակումը ռազմական հանցագործություն է
Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մարդասիրական արտակարգ իրավիճակ և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտում է համարում։
Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող վերջին զարգացումների վերաբերյալ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Մավրիդեսը նշել է, որ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական շրջափակումը, մասնավորապես՝ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնական կարիքների համար հումանիտար բեռների մատակարարման խոչընդոտումը, միջազգային իրավունքի համաձայն՝ համարվում է ռազմական հանցագործություն։
«Անցյալ ամիս՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստի, ժամանակ ես երկու հարց ուղղեցի բարձր ներկայացուցիչ Բորելին. Առաջին հարցս հետեւյալն էր՝ Ադրբեջանը էթնիկ զտումներ է կատարում, սա հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ։ Իսկ երկրորդը շատ հստակ հարցում էր՝ մինչ այժմ «կատարվող հանցագործությանը» Եվրոպական արձագանքը համաչափ է՞ համարում։ Եվրախորհրդարանն այս հարցում խիստ դիրքորոշում ունի՝ կոչ անելով Ադրբեջանին հարգել համապատասխան որոշումները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։ Չնայած արտաքին քաղաքականության և պատժամիջոցների վերաբերյալ որոշումներն ընդունվում են Եվրոպական խորհրդի մակարդակով, որտեղ մասնակցում են պետությունների և կառավարությունների ղեկավարները, այդուամենայնիվ բարձր ներկայացուցիչը կարող է կարևոր քաղաքական դեր ունենալ», - ասել է Մավրիդեսը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն սկսելու ԵՄ որոշումը նույնպես կարևոր քայլ էր քաղաքական և գործնական առումով։
«Հաշվի առնելով, որ իրավիճակը տեղում վատթարանում է, եւ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սովի մատնելու քաղաքականությունն ու չի հարգում միջազգային կազմակերպությունների որոշումները՝ ժամանակն է, որ միջազգային հանրությունը և ԵՄ-ն ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկեն, օրինակ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեն», - ամփոփել է եվրապատգամավորը։