VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կարծես թե ռեստարտի անհրաժեշտություն է առաջացել, և կողմերը դա գիտակցելով որոշել ինչ-ինչ քայլերի գնալ: Դրանցից առաջինը դեսպանների փոփոխությունն է: Ընդ որում Ռուսաստանում ՀՀ դեսպանից այնքան մեծ դժգոհություն ունի ռուսական կողմը, որ դա առաջնահերթ է լուծվելու: Վաղարշակ Հարությունյանին փոխելու հարցը վաղուց էր քննարկվում, սակայն դեսպանի թեկնածուներ գտնելու խնդիր կար: Թեկնածու, որը կվայելի Նիկոլ Փաշինյանի վստահությունը և ընդունելի կլինի ռուսական իշխանությունների համար: Մեր տեղեկություններով, մի շարք թեկնածություններ են քննարկվել: Եվ հայկական կողմը կարծես թե կանգնել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի վրա: Ռուսաստանի դեսպանի թեկնածուն էլ, մեզ հասած տեղեկություններով, ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա է, ինչը ևս խոսում է այն մասին, որ Ռուսաստանում հասկանում են Հայաստանի և նրա հետ համագործակցության կարևորությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ինչպես հայտնի է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ էքսկլյուզիվ հարցազրույց է տալու Արցախի հեռուստաընկերությանը` ներկայացնելով իրականությունը և փակագծեր բացելով: Ոմանք այս հայտարարությունը և Արցախի իշխանությունների վերջին շրջանի քայլերը բացատրում են Ադրբեջանի հետ երկխոսության և ինչ որ հարցերում զիջումների գնալու պատրաստակամությամբ: Կարծում են, որ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի հետ ինտեգրման թաքնված կողմնակիցներից է` բացահայտորեն միանում է «ոչ մի ինտեգրում» հայտարարություններին, իսկ իրականում տակից քայլեր է անում ինտեգրման ուղղությամբ: Մենք տեղեկացանք, որ Արցախի նախագահը որոշել է հերթական մարմինը ձևավորել, որը կքննարկի և որոշումներ կկայացնի թե առաջիկայում ինչ անել: Քանի որ ռուսական աջակցությունից այլևս ոչ մի ակնկալիք չունեն, հասկանում են, որ իրենց հույսը միայն իրենց վրա պետք է դնեն և Արցախում մնացած մարդիկ կոլեկտիվ որոշում պետք է կայացնեն, թե ինչ անել: Եվ դա չի կարող մեկ անձ միանձնյա որոշել, որքան էլ նա բարձր պաշտոն զբաղեցնի: Այդ մարմինը պետք է արտացոլի 120 հազար մարդու կարծիքը: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Արցախում հեղինակություն ունեցող անձինք, օրինակ, նախկին նախագահները հրաժարվում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Մյուսներն իրար հետ խնդիրներ ունեն և համատեղ աշխատել չեն կարողանում: Երրորդների մասնակցությունը միայն ապակառուցողական է: Դա է պատճառը, որ նման մարմինները ստեղծվում են ու մնում թղթի վրա:
«Փաստ» օրաթերթը գրում է. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովին, ավելի ստույգ՝ այդ հանձնաժողովի քպական անդամներին երկու օր շարունակ «հյուրընկալվել» էր գրեթե երկու տարի կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Տոնոյանը հիասթափված է քննիչ հանձնաժողովում իր «հարցաքննության» ընթացքից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Դավիթ Տոնոյանը նախնական ազդակներ է ունեցել, որ իրեն վատ դրության մեջ չեն գցելու և չեն «նեղելու», սակայն այս երկու օրը տեղի ունեցածից հետո անգամ նրա մերձավոր շրջանակներից են ասել, որ պաշտպանության նախկին նախարարը չպետք է գնար հանձնաժողով և մասնակցեր իշխանության կազմակերպած այդ շոուին։ Մեր տեղեկություններով, Տոնոյանին ասվել է, որ նա ուղղակի պետք է հրաժարվեր հանձնաժողով ներկայանալու առաջարկից, քանի որ այդպիսով խայտառակ վիճակում հայտնվեց. բանն այն է, որ ստեղծված իրավիճակում իշխանություններն ամեն ինչ բարդում են նույն Տոնոյանի վրա. պատահական չէր, որ իր հարցազրույցներում անգամ Անդրանիկ Քոչարյանն էր ասում, թե ինքն այնպես է ընկալել, որ Դավիթ Տոնոյանն «ուզում է, ոնց որ թե, բոլորի մեղքը վերցնել իր վրա»։ Շատերի համոզմամբ, չնայած Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի հիմնական թիմակիցներից մեկն է եղել, բացի դրանից, իշխանության քարոզչության հիմնական ուղղություններից մեկի իրականացնողը, իսկ հանձնաժողովի նիստում էլ փորձում էր փրկել Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս սեփական իշխանությունը, առավել ևս՝ սեփական անձը փրկելու համար պատրաստ է ոչ միայն Տոնոյանին, այլև մնացած բոլորին «փուռը տալ»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ամիսներ առաջ կտրուկ մերժել է ՔՊ-ի առաջարկը՝ միասին գնալ Երևանի ավագանու ընտրություններին: Նշել էինք նաև, որ, մեր տեղեկություններով, նեղ շրջանակներում Սարգսյանը նշել է, որ ՔՊ-ն բոլոր ոլորտներում ձախողվել է, վարկանիշը շատ ցածր է, իշխանություն պահելու շանսերը գնալով պակասում են: «Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ Արամ Սարգսյանի կուսակցությունը ներկայում ակտիվորեն պատրաստվում է քսան օրից սկսվելիք քարոզարշավին: Նա ակտիվ հանդիպումներ է ունենում՝ փորձելով ապահովել ոչ միայն քվեներ, այլ նաև ֆինանսական ռեսուրսներ: Կան տեղեկություններ, որ այդ հարցով նա հանդիպել է մի քանի հայտնի գործարարների, ինչպես նաև նախկին բարձրաստիճան որոշ զինվորական պաշտոնյաների: Ըստ նույն աղբյուրի, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով նաև դրամահավաք կազմակերպվի, չնայած Սարգսյանն ինքն էլ հիանալի հասկանում է, որ իշխանական ուժին և մերձիշխանական միավորին գումար տրամադրելու պատրաստ անձանց քանակն ու հավաքվելիք գումարը բացարձակապես համադրելի չեն լինի...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտեւի 10 օր, կավարտվի օգոստոսի 13-ին: Ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը եւ դաշինքները 10-օրյա ժամկետում ԿԸՀ պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Օգոստոսի 23-ից էլ արդեն կմեկնարկի նախընտրական քարոզարշավը. Երեւանը կհեղեղվի նախընտրական պաստառներով, իսկ քաղաքապետի թեկնածուները երեւանցիներին վերամբարձ խոստումներ կտան ու «սեր կխոստովանեն»: Նախընտրական քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 15-ին: Նշենք, որ դեռ ոչ բոլոր ուժերն են հաստատել իրենց մասնակցությունը ավագանու ընտրություններին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հուլիսի 1-ից 31-ը ՀՀ Ազգային ժողովի 2023թ. կարիքների համար պատվիրակությունների ընդունման եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար կոնյակների են ձեռք բերել խորհրդարանում՝ վճարելով 3 մլն 872 հազար դրամ։ Գնումը կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից, որի սեփականատեր Տիգրան Համասյանը Պեռնո Ռիկարի հետ կապ ունի: Նկատենք, որ ապրիլին նույն կազմակերպությունից գնվել են 10 մլն 752 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։ Նույն թվականի հունիսի 1-ից 30-ը ընկած հատվածում Ազգային ժողովը պաշտոնական պատվիրակությունների ընդունելության եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար նաեւ օղիների է ձեռք բերել՝ մոտ մեկ միլիոն դրամ՝ 959 հազար վճարելով «Նոաս Օրչարդս Դիսթիլինգ Քոմփանի» ՍՊԸ-ին։ Այսինքն` այն մեղադրանքները, որոնք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հնչեցնում էին նախկինների եւ պետական տարբեր կառույցների հասցեին, որ մսխում են պետական բյուջեն, անարդյունավետ ճոխ ծախսեր են արվում, բնորոշ են նաեւ իրենց»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում մասնավորապես նկատել է, որ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության վերաբերյալ ներկայացվող որևէ պահանջ կրկնակի անտեղի է թվում այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Արցախն ադրբեջանական է ճանաչել: Նկատենք, որ Ռուսաստանը պաշտոնական ներկայացուցչի միջոցով առնվազն երկրորդ անգամ է նման կոշտ, հասցեական հիշեցմամբ հանդես գալիս: Ավելի վաղ էլ էր Ռուսաստանից հայտարարություն հնչել, որ Արցախի (ինչպես իրենք են նշում՝ Լեռնային Ղարաբաղի կամ պարզապես՝ Ղարաբաղի)՝ ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական ճանաչելն արմատապես փոխել է իրավիճակը: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների դիտողությունը կամ դիտարկումը, ինչպես կուզեք, տեղին է ու ճիշտ: Իսկապես էլ, Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն ուրանալը, Արցախը ադրբեջանական ճանաչելը (հայտարարելը, հռչակելը) արմատապես փոխել է իրավիճակի բովանդակությունը: Նախ՝ դա Ալիևին ավելի է թևավորել, և նա, իրեն բացարձակապես անպատիժ զգալով, ձեռնարկեց Արցախի շրջափակումը, ապա՝ պաշարումը, ու հիմա, «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ, ինչպես ասվում է՝ օրը ցերեկով, իրականացնում է Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանություն: Մյուս կողմից՝ որքան էլ Զախարովայի դիտողությունը հիմնավորված ու տեղին լինի, հարցեր են ծագում: Նախ՝ ինչի՞ մասին էին նրանք մտածում մինչև այդ, երբ բոլոր փորձագետները միաձայն պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի ձգտումների կիզակետում (թեկուզ ոչ որպես գործոն)՝ արագորեն դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից:
Իսկապե՞ս այդքան միամիտ էին, որ դա չէին նկատում: Հազիվ թե: Ուրեմն ո՞րն էր խնդիրը, մտածում էին՝ «սուզանավի միջից նրանք ո՞ւր ունեն գնալու»: Թե՞ այդ պահին այդպես էր պետք: Բայց չէ՞ որ 2020 թ. նոյեմբերյան հայտարարությունը երեք ստորագրություն ունի, դրա քանդվելը Ռուսաստանում չէի՞ն նկատում... Իհարկե, հեշտ է շրջվել ու ասել, թե՝ դա հայ ժողովրդի ընտրությունն է, ինչ իրենք ընտրել են, ըստ դրա էլ ամեն ինչ եղել է, ոչինչ անել չենք կարող: Բայց դա ավելի շատ Նիկոլ Փաշինյանին է բնորոշ՝ բոլոր մեղքերը գցել այլոց վրա: Իսկ Ռուսաստանում ոնց որ մի քիչ ուշ են մի թեթև «խառնվել իրար»...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոտայքի եւ Արմավիրի մարզերի դատախազները չեն պատրաստվում լռել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնալսել է մարզի դատախազներին, որի արդյունքում աշխատանքից ազատեց Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին եւ Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում: Իսկ ի՞նչ են լսել իրավապահները երկու դատախազներին գաղտնալսելիս: Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին եւ Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին լսելիս պարզել են, որ դատախազները նեղսրտած խոսել են, քննադատել ու տարբեր կարծիքներ արտահայտել Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։
Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։ Սակայն այսքանով Դատախազությունում «վհուկների որսն» ու ներքին պառակտումները չեն ավարտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԱԱԾ-ն այս գաղտնալսման արդյունքում մտել է Կոտայքի ու Արմավիրի մարզերի դատախազություն, դատախազներին պառկեցրել գետնին ու սկսել գործողություններ: Այստեղ էլ հասունացել է դրամայի երկրորդ մասը. Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի գործելաոճը դատախազների մոտ սկսել է քննարկվել Սերժ Սարգսյանի գործը քննող դատախազ Արսեն Մարտիրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ: Նրանք ոչ այդքան հաճելի կարծիքներ են արտահայտել Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի, ինչպես նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։ Այսպիսով, դատախազները ներքին միջանձնային խոսակցության համար ազատվել են աշխատանքից: Այլ կերպ ասած, Հայաստանը վերածվել է գաղտնալսումների երկրի, որտեղ քաղաքական իշխանությանը ընդդիմացողների խոսքի ազատությունը ոտնահարվում է. անգամ գաղտնի չեն կարող խոսել դատախազները»: