VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախցիները, կենդանի շղթա կազմած, «գրել» էին աշխարհի բոլոր լեզուներով ու բոլորին հասկանալի օգնության կոչ կամ, ավելի շուտ, օրհասական ճիչ՝ «SOS»: Դա այն ճիչը, այն ազդանշանն է, որ հաղորդում են նավաբեկության ենթարկված նավից, առհասարակ՝ աղետի մեջ հայտնվածները... Ու դա այսօր հասկանալի է... Բայց մենք հիշում ենք, որ նույն Վերածննդի հրապարակում ընդամենը ինչ-որ 6-7 տարի առաջ բոլորովին այլ պատկեր էր, որը աշխարհին ու առաջին հերթին՝ Արցախի հայությանը մշտապես կոտորելու ծրագիր ու նպատակ ունեցող ադրբեջանական թուրքերին բոլորովին այլ «ազդանշաններ» էր հղում: Ընդամենը 6-7 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ այս հրապարակով շքերթով անցնում էր արտացոլումն այն համահավաք ուժի, առանց որի չի կարող գոյություն ունենալ որևէ ժողովուրդ ու պետական կազմավորում: Անցնում էր Արցախի հաղթական բանակը: Շքերթով և վստահ: Մարտունակ և ուժեղ: Բայց դա երևի «ոմանց», ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում, անարդար ու սխալ բան էր թվում: Ու հայտնի է, թե ովքեր են այդ «ոմանք»: Նրանք այսօր էլ իշխանական տարբեր պաշտոններում են Արցախում ու Հայաստանում: Ու «թավշյա» երկրաքանդություն եղավ: Ու եղավ բանակաքանդություն, ներքին ատելության տարածում, եղան պոպուլիստական բացականչություններ, թշնամու հետ վերելակային պայմանավորվածություններ, պատերազմի հրահրում, խարխլած բանակի, պատերազմի միտումնավոր սխալ կառավարում, եղավ Հայաստանի ու հայության պարտվեցում, եղավ հայությանը կանխամտածված մոլորության մեջ գցելու քարոզչահոգեբանական դիվերսիոն «գործողություն»: ...Եվ հիմա Վերածննդի հրապարակում ոչ թե Հայոց բանակի տանկերն ու զորքերն են անցնում, այլ աշխարհից օգնություն կանչելու օրհասական «SOS»-ն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կալանավորված ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կգնա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները «զենք-զրահով» պատրաստված սպասում են Տոնոյանին դիմավորելուն: Այսպիսով, մինչ ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը ՔՊ-ականները մի քանի անգամ հավաքվել, նիստեր են արել ու անհրաժեշտ ցուցումներ ստացել: Ինչպես մեր ՔՊ-ական աղբյուրներն են փոխանցում, հրահանգներն իջեցվել են անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից. կարելի է ասել՝ հարցերը գրել, տվել են ՔՊ-ականներին, նրանց մնում է միայն կոշտ ու սուր տոնով դրանք ուղղել ՊՆ նախկին նախարարին: ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին լավ նախապատրաստել է ՔՊ-ականներին, ասել է, որ հարցախեղդ անեն Դավիթ Տոնոյանին, կոշտ հարցեր ուղղեն նրան: Տեղեկացանք նաեւ, որ նիստի սկզբնամասը բաց է լինելու, իսկ մի մասն էլ՝ փակ, գաղտնի ռեժիմով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 28-ին Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, կալանավորվեցին: Երեկ էլ կալանավորվեց գործարար Արման Պետրոսյանը: Նրանք կասկածվում են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ, թեեւ փաստաբանը նշել էր 166 մլն կեղծ հիմքերով քրգործի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ գործարար Արման Պետրոսյանը կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի (հայտնի կառուցապատող) փեսան է։ Էդուարդ Մադաթյանին եւ նրա փեսային է փաստացի պատկանում Երեւան քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի 25 հասցեում վեր խոյացած բարձրահարկը, որը, բնակելի շենք լինելուց բացի, իր ներսում նաեւ ունի ռեստորանային համալիր, սրճարան եւ այլն: Գործարար Պետրոսյանն էլ բնակվում է հենց Պուշկինի այդ շենքի վերջին հարկում: Ըստ պաշտոնական տեղեկատվութան՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, նրա որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր եւ խարդախությամբ հափշտակել «Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երեւանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: Նշենք, որ Արման Պետրոսյանի եղբայրը «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի փեսան է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թեեւ ցանկանում է առավել ակտիվ գործունեությամբ զբաղվել, բայց չի ստացվում: Մեր տեղեկություններով՝ իր ցանկությունների մասին նա պարբերաբար բարձրաձայնել է իր հանդիպումների ժամանակ, նեղսրտել հաճախ իր հասցեին հնչող քննադատությունների համար, որ չի խառնվում ներքաղաքական հարցերին: Միեւնույն ժամանակ, նա իր աշխատակիցներին բացատրել է, որ չի կարողանա ակտիվանալ որպես ՀՀ նախագահ, քանի որ փոքր լիազորություններ ունի, եւ ցանկության դեպքում էլ բան չի կարող անել։ Ամեն դեպքում, քանի որ իր շրջապատում եղել են կարծիքներ, տեսակետներ, թե նա մարդկանց աչքից ընկել է նախագահ դառնալուց հետո, քանի որ այլեւս ոչինչ չի անում, որոշել է ակտիվանալ եւ փորձել վերականգնել իր դրական իմիջը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից մեզ հայտնեցին. «Հանրապետության նախագահն իր գործունեության մեջ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ ամբողջ ծավալով իրականացնում է իր սահմանադրական լիազորությունները»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, ինչպես և զգուշացնում էին մասնագետները, գործող իշխանությունների համար դարձել է յուրատեսակ քաղաքական գործիք: Այսինքն, այն կիրառվում ու կիրառվելու է ընտրողաբար: Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները «ապօրինի ծագում ունեցող գույքի» գործիքակազմի կիրառման տեսանկյունից ինդուլգենցիայի հնարավորություն են տվել նախկին մի քանի պաշտոնյաների՝ որոշակի «համաձայնությունների» շրջանակներում: Ի դեպ, մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնավորաբար Կենտրոն համայնքում ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործին է լծվել «Չոռնի Գագոն»՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ինչ վերաբերում է այս տեղեկության կապին նշյալ ինդուլգենցիայի հետ, ապա մեր աղբյուրները նշում են, թե դժվար է այլ կերպ բացատրել այն հանգամանքը, որ գործող իշխանությունների կողմից բառիս բուն իմաստով հալածանքների տակ ընկած գործիչը կարող է մասնակցել այդ նույն ուժի համար քվե ապահովելու գործին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դատարանը ազատ է արձակել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկին. ո՞վ է նա: Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ ԱԱԾ-ն կալանավորել էր Արա Բադոյանին, եւ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ, դրանով պայմանավորված, նույն օրը ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ պատերազմը դադարեցնելու եւ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվելու հետո, համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ է հավաքել, եւ կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել է նշված վայր եւ միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին, հարվածներ հասցրել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Բադոյանը չէր ընդունում մեղադրանքը եւ իրավապահներին հայտնել էր, որ այնտեղ գտնվել է, բայց չի հարվածել Արարատ Միրզոյանին: Եվ, ահա, այս գործը ուղարկվել էր դատարան. դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել ԱԳ նախարարին ծեծած անձին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությանն անդրադառնալով՝ նախորդ համարում ուշադրություն էինք դարձրել առաջին տասնյակի ընկերությունների վրա: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ պատկեր է հարյուրյակի առումով: Նախորդ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել բանկերը: Փաստացի Հայաստանում գործող 18 բանկից 14-ը հարյուրյակում է, ավելին՝ երկուսը՝ «Ամերիաբանկը» և «Արդշինբանկը», տասնյակում են, ևս մեկը՝ «Ակբա բանկը», տասնմեկերորդն է: Հետաքրքիր պատկեր է ստեղծվել արտադրողների առումով: Հարյուրյակում նրանք 17-ն են: Ի դեպ, ինչպես նախկինում, այս դեպքում էլ հաշվարկում չենք ներառել հանքարդյունաբերությունը, քանզի այս ոլորտի առաջատարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մրցակցությունից դուրս է ոչ միայն իր բնագավառում, այլև ընդհանրապես, քանի որ մշտապես առաջին հորիզոնականում է: Ուշագրավ է, որ արտադրողներից իր դիրքերը պահպանել է «Գրանդ տոբակոն» («մշտական» 3-րդ հորիզոնական), մեծամասնությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հետընթաց է գրանցել (օրինակ՝ «Մասիս տոբակո»՝ 9-րդ տեղ՝ 2022 թ. առաջին կիսամյակի 4-րդ տեղի փոխարեն, «Գրանդ քենդի»՝ 37-րդ տեղ 33-ի փոխարեն, Երևանի կոնյակի գործարան՝ 47-րդ տեղ 36-ի փոխարեն, «Երևանի գարեջուր»՝ 81-րդ տեղ 68-ի փոխարեն), իսկ «Պեռնո Ռիկար» ընկերությունն ընդհանրապես դուրս է մնացել հարյուրյակից՝ դիրքերը զիջելով 47 հորիզոնականով:
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրենց դիրքերը բարելավել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Սիգարոն» ընկերությունը, հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող «Ջերմուկ» գրուպը, որը 133-րդ տեղից հայտնվել է հարյուրյակում՝ 88-րդ հորիզոնականում, ինչպես նաև մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունը, որը լավագույն հարյուրյակի մեջ դարձյալ միակն է իր ոլորտում: Ի դեպ, հավելենք, որ լավագույն հարյուրյակում մեծ թիվ են կազմում ներմուծմամբ ու առևտրով զբաղվող կազմակերպությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորները պատրաստվում են բոյկոտի, իսկ թե բոյկոտը ինչ կերպ կդրսեւորվի, դատավորները դեռ թեժ քննարկում են: Բանն այն է, որ հուլիսի 19-ին դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Հաջորդ ժողովը նշանակվել է օգոստոսի 4-ին: Իսկ ինչո՞ւ էր նիստը հետաձգվել: Բանն այն է, որ դատավորներն ընդհանուր ժողով էին հրավիրել՝ ընտրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորի: ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր հաստիք էր առաջացել այն բանից հետո, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա տեղեկության համաձայն՝ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցագրեր են ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեեւ ԲԴԽ անդամ ընտրվելու չափանիշին համապատասխանում են նաեւ այլ դատավորներ։
Եւ, ահա, այս հանգամանքն էլ դատավորները բարձրաձայնեցին, ու օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Տպավորություն էր, որ այս ամենից հետո ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պետք է կազմակերպեր պատշաճ ծանուցում բոլոր այն դատարաններին ու դատավորներին, որոնք համապատասխանում են ԲԴԽ անդամ դառնալու չափանիշներին, սակայն իրավիճակը չի փոխվել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի հանձնվում ու ծանուցել է միայն մարզերի դատավորներին։ Արդյունքում դատավորները որոշել են բոյկոտել, իսկ թե ինչ կանեն, կհետեւենք զարգացումներին։
Հիշեցնենք, որ դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը դատավորների մոտ բարձրացրել է ԲԴԽ դատավոր անդամների հետ կանչելու հարցը եւ առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Դատավորների ընդհանուր ժողովում ներկա 187 դատավորներից 180-ը կողմ է քվեարկել Մխիթար Պապոյանի առաջարկին, սակայն անգամ այս հարցը Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի թեթեւ ձեռքով օրակարգ չէր մտել, ուստի կռիվը դատական համակարգում առջեւում է»։