24.11.2024
 ՀՀ֊ն ներկայացնողները չեն սպասարկում ՀՀ շահը. ադրբեջանագետ
prev Նախորդ նորություն

Էլի՞ Սամվել Բաբայանը. նույն պաշտոնից երկրորդ հրաժարականը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան տեղեկացանք, որ Արցախի քաղաքական վերնախավում որոշել են փոխել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, ով Արայիկ Հարությունյանի կուսակիցն է։ Տարբեր պատճառներ էին նշում, գլխավորը՝ որ նա իրավիճակին չէր տիրապետում, խմելու հանդեպ սեր ուներ եւ երբեմն անզգույշ հայտարարություններ էր անում: Վերջինը. «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի»: Եվս մի պատճառ էին ասում․ վերջերս նա սկսել էր շփվել ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ, ընդունել նրան իր մոտ, ինչը, ըստ գործընկերների, անհետեւանք չէր անցնում։ Այդուհանդերձ, հրաժարականի որոշումը, մեր տեղեկություններով, կայացվել է կոնսենսուսով՝ Թովմասյանի համաձայնությամբ։ Նա արդեն հրաժարական է ներկայացրել, եւ խորհրդարանը նոր նախագահ կընտրի։ Քննարկվում է դաշնակցական պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով Արցախի վիճակը եւ ՀՅԴ-ի դերը։ Սա, ի դեպ, Թովմասյանի կյանքում երկրորդ հրաժարականն է` ԱԺ նախագահի պաշտոնից: Առաջինը եղել է 1997-ին, երբ մեկ տարի այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո, համանման հանգամանքներում հեռացել է եւ կրկին հարել Սամվել Բաբայանի թիմին։ Ի դեպ, Արցախի ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ է անելու, որ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո նոր նախագահ ընտրեն ոչ թե 10-օրյա, այլ 2-օրյա ժամկետում եւ առաջիկա նիստում, այլ ոչ թե հերթական նիստում, որը կայանալու էր սեպտեմբերին։ Ռազմական դրության մեջ գտնվող Արցախում ԱԺ նախագահի պաշտոնը չեն ուզում երկար թափուր թողնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել՝ «Ռազմական դրության մասին» օրենքում փոփոխություններ անելու նպատակով։ ՀՀ օրինակով որոշել են ռազմական դրության ժամանակ Արցախի տարածքում ինտերնետ կայքերի, սոցցանցերի գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում իրականացնել։ Նաեւ հեռուստատեսության, համացանցի եւ ռադիոյի միջոցով տարածվող նյութերի բովանդակության սահմանափակում։  Առաջարկվում է նաեւ քաղաքացիների անշարժ գույքի տնօրինում, եթե նրանք բացակայում են Արցախից։ Ինչպես նաեւ՝ ընտրովի մարմինների՝ ՀՌԱՀ-ի, ՀԾԿՀ-ի ղեկավարների նշանակում նախագահի կողմից։ Արցախում կասկածներ ունեն, որ առաջիկայում անցանկալի զարգացումներ են սպասվում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը վթարից րոպեներ հետո հայտնվեց Բաղրամյան պողոտայում: Իսկ ո՞վ է նա: Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Պռոշյան- Բաղրամյան պողոտան, եւ այդ խառնաշփոթ իրավիճակում «Մայբախ» մակնիշի մեքենան վթարի ենթարկեց պարեկին: Մենք պարզեցինք որ 01PO 011 համարանիշով, «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, սակայն ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը: Նկատենք, որ դեպքից րոպեներ հետո մի խումբ անձանց հետ դեպքի վայր եկավ հենց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը, զրուցեց ոստիկանների հետ ու գնաց: Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2 տարի առաջ Վահե Պետրոսյանը աչքի ընկավ իր հայտարարություններով՝ եկամտահարկի վերադարձի օրենքի նախագծի շուրջ: Նա հայտարարել էր, որ սա ցնցում կառաջացնի շուկայում:


«Եթե եկամտահարկի վերադարձի օրենքի նախագիծն այդ տեսքով ընդունվի, 2 տարի հետո՝ 2024 թվականից սկսած, քաղաքաշինական ծրագրերի տեմպերն էական՝ 70-80 տոկոսով անկում կունենան: Ըստ նրա՝ դրա հետեւանքները կլինեն արտագնա աշխատանքի գնացող հազարավոր մարդիկ, շինարարական արտադրանքի արտադրությունների դադարեցումը եւ այլն: Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել եկամտային հարկի վերադարձի ծրագրում՝ պատճառաբանելով, որ այդ ծրագիրը բյուջեի համար ծանր բեռ է դարձել: Ըստ շրջանառվող նախագծի, որն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից եւ դեռեւս պետք է քննարկվի Ազգային ժողովում, առաջարկվում է ծրագիրը Երեւանում աստիճանաբար դադարեցնել մինչեւ 2025 թվականը եւ թողնել միայն մարզերում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հուլիսի 25-ին տեղի էր ունեցել ՔՊ վարչության նիստ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Նախ՝ տեղեկացանք, որ նիստը 2 ժամից ավելի է տեւել ու բավականին թեժ է անցել՝ կապված հատկապես ավագանու ընտրությունների հետ: Բանն այն է, որ ՔՊ-ականներին դեռ չի հաջողվում վերջնական որոշում կայացնել Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցով. տարբեր անուններ շրջանառվում են, բայց դեռ հստակ որոշում չունեն։ Ինչպես մեր աղբյուրներն ասացին, այս հարցում վերջնական խոսքն Ավինյանինն է: ՔՊ վարչության նիստին, որքան էլ տարօրինակ է, որեւէ անդրադարձ չի եղել Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին, անվտանգային հարցերին եւս անդրադարձ չի եղել, քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր՝ կուսակցության անդամակցության եւ ավագանու ընտրությունների հետ կապված: Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցականները 3000 հոգի են՝ ըստ ԿԸՀ կայքի: ՔՊ-ին չի հաջողվում այդ թիվը մեծացնել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2022 թվականին երկու հողամաս է վաճառել։ Հետաքրքիր է, որ օգոստոսի 15-ին կատարված գործարքի վերաբերյալ տվյալներում օտարված գույքերից մեկի դիմաց գրված է 155 դրամ, մյուսինը՝ 2,28 դրամ։ Թե ինչ են նշանակում այս թվերը, կարելի է ենթադրել. կեղծ գործարք: Իսկ, ահա, տարեվերջին Սերգեյ Բագրատյանի միակ անշարժ գույքը եղել է Երեւանի կենտրոնում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը նա ձեռք էր բերել դեռ 2009 թվականին։ Սերգեյ Բագրատյանը մեքենա չունի՝ ըստ փաստաթղթերի, հայտարարագրում միայն նշված է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մասին։ Խոսքը հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոցի մասին է, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն։


Պատգամավորի բանկային հաշիվներին տարվա վերջում 2 մլն 687 հազար դրամ է եղել, իսկ կանխիկ դրամի մասին տեղեկություններ առհասարակ առկա չեն։ Մեկ տարվա ընթացքում պատգամավորի եկամուտը կազմել է 8 մլն 445 հազար դրամ, որից 8 մլն 316 հազարը նրա պատգամավորական աշխատավարձն է, 42 հազար դրամը նա ստացել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանից եւ եւս 86 հազար դրամ էլ նա ստացել է «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկից։ Պատգամավորի ծախսերի մասին տեղեկություններ առհասարակ հայտարարագրում առկա չեն։ Ինչ է ծախսել, ինչպես է ապրել՝ չի երեւում: Նշվում է, որ Սերգեյ Բագրատյանը 2002 թվականից հանդիսանում է «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետեր եւ 1,98 տոկոս բաժնեմաս ունի «ԲիէսԲի» ՍՊԸ-ից։ Սերգեյ Բագրատյանը հայաստանյան քաղաքական դաշտում եզակի գործիչներից է, որ «ղազագիր» էր գրել… Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր օպերատիվ նկարահանումից բացառիկ փաստաթղթերի կադրեր, որտեղ ԲՀԿ-կան պատգամավորները, երդում ու հայհոյանք ուտելով, իրենց պատրաստակամությունն են հայտնել Ծառուկյանին աջակցելու։«Ես՝ Սերգեյ Բագրատյանս, առաջադրվելով ԲՀԿ ռեյտինգային ցուցակով, պարտավորվում եմ ապահովել 7000 ձայն իմ անունով։ Այս պայմանավորվածությունից հրաժարավողը անբարոյականի զավակ է»։ Նա, սակայն, նետվեց Փաշինյանի գիրկը։


«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարության այսօրվա նիստում ներառված է Եվրամիությունից դրամաշնորհ ստանալու հարցին հավանություն տալու նախագիծ։ Դրամաշնորհը կազմում է 32 մլն եվրո։ Այդ գումարով Արարատի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի բոլոր եւ Սյունիքի մարզի 13 դպրոցներում պետք է կառուցվեն լաբորատորիաներ, խոսքն ընդհանուր 337 դպրոցի մասին է։ Նշենք, որ լաբորատորիաները կառուցվելու են բացառապես ԵՄ փողերով, եւ ՀՀ բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում։ Սակայն դա չի խանգարի, որ հաջորդ մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանն այս օգնությունը ներկայացնի որպես կառավարության ձեռքբերում, իսկ կառուցման ընթացքում էլ մի քանի անգամ գնա մարզեր ու լաբորատորիաների ֆոնին փիառվի։


«Հրապարակ» թերթը գրում է.Կառավարության այսօրվա նիստում ներառված է Հայաստանի Հանրապետության, ինչու չէ` նաեւ ողջ տարածաշրջանի հետագա «ճակատագիրը» կանխորոշող մի շատ կարեւոր հարց, որի լուծումից շատ բան է կախված։ Խոսքը Քաղաքաշինության կոմիտեի 2 օդորակիչների մասին է։ Մասնավորապես՝ կառավարության նիստի օրակարգ է բերվել կոմիտեի կողմից 2 օդորակիչներ գնելու հետ կապված՝ բյուջեում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ հարցը։ Նախագծի տեքստում կարդում ենք․ «Կոմիտեի համակարգչային սերվերների տարածքի օդափոխումն ու հովացումն ապահովող օդորակիչը խափանվել էր, որն առաջացրել էր բարձր ռիսկ Կոմիտեի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հնարավոր ամբողջական խաթարման, ինչպես նաեւ Կոմիտեին առնչվող կարեւորագույն տեղեկատվության կորստի հավանականության: Խնդրի լուծման նպատակով Կոմիտեի տեխնիկական եւ համակարգչային ցանցի սպասարկումներն իրականացնող աշխատակիցների կողմից արձանագրվել է, որ համակարգչային սերվերների տարածքի օդափոխումն ու հովացումն ապահովող օդորակիչը ենթակա չէ վերանորոգման»: Այս ծանր իրավիճակը պարզելուց հետո Քաղաքաշինության կոմիտեն հզոր որոշում է կայացրել` 2 օդորակիչ գնելու մասին, ուստի «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու համար կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել։ Եթե կառավարությանն այսօր հաջողվի վերջապես լուծել այս օդորակիչի հարցը, ապա հույս կա, որ նաեւ Արցախի ու մյուս հարցերում կկարողանա նման վճռականություն դրսեւորել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին ակնհայտ է, որ Երեւանի քաղաքային իշխանությունները չեն կարողանում կառավարել աղբահանության հարցը եւ գրեթե ամենուր նկատվում են աղբի կուտակումներ:  Քաղաքապետարանի մեր աղբյուրները պատճառաբանում են, որ իրավիճակի «մեղավորը» դեռեւս 2019թ-ին ձեռք բերված «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներն են, որոնց տվյալ մոդիֆիկացիան մեր պայմաններին հարմար չէ: Ըստ նույն աղբյուրի՝ մեքենաների անհամապատասխանության մասին դեռեւս այն ժամանակ զգուշացնում էին Հայկ Մարությանի թիմին, որտեղ, սակայն, հավաքված էին հիմնականում քաղաքային տնտեսության առանձնահատկություններից անտեղյակ մարդիկ: Փողոցում աղբահանությամբ զբաղվող աշխատակիցներից մեկը մեզ կես կատակ, կես լուրջ ասաց, որ լավ է՝ էս ավտոները գոնե 2 տարի աշխատեցին, դրա հույսն էլ չկար, որովհետեւ հենց նոր բերեցին, «արդեն մեջները չաշխատողներ կային»: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ տեխնիկայի ձեռք բերման նպատակահարմարության մասով, հնարավոր է, գործն ուղարկվի իրավապահ մարմիններին: Հիշեցնենք, որ Հայկ Մարությանի ժամանակ ձեռք բերված այս մեքենաների մասով մամուլում եւ սոցցանցերում եղան բազմաթիվ հրապարակումներ, մի մասն, ըստ էության, հաղորդում էր հանցագործության մասին, մասնավորապես՝ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը նշում էր, որ 60 մլն դրամ անհետացել է ՌԴ-ից 5 հատ «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ գնելու գործարքի հետեւանքով:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, իշխանությունները Ալավերդիում նախատեսում են «Ախուրյան 2» օպերացիա իրականացնել և ամեն ինչ անել՝ համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նպատակով։ Օրերս հայտնի դարձավ, որ ՔՊ ավագանու խմբակցությունն ամեն ինչ արել է, որպեսզի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու մեկ անդամ դուրս գա խմբակցությունից, ինչից հետո Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու վերջին 3 նիստերն ուղղակի տեղի չեն ունենում՝ իրականացվող բոյկոտի պատճառով։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները մտադիր են նույն ոճով շարունակել և գործող համայնքապետի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Մենք տեղեկություններ ունենք նաև, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած ավագանու անդամին իշխանությունները տարբեր խոստումներ են տվել, ընդհուպ՝ խոստացել են՝ իրենց աջակցելու դեպքում վերջինիս նշանակել Ալավերդու ԲԿ-ի տնօրեն։ Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ օրերս Ալավերդու համայնքապետարանում Լոռու փոխմարզպետն, առանց որևէ տողատակի, համայնքապետ Թամազյանից պահանջել է հրաժարական տալ և հեռանալ։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցությունն ունեն ավագանու 13-ական մանդատ: «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները ընտրություններից հետո համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ տեղեկացնելով Ալավերդի համայնքում համագործակցության մասին: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին այս երկու կուսակցությունները, առանց «Քաղաքացիական պայմանագրի» անդամների, համայնքի ղեկավար ընտրեցին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին»: