26.11.2024
Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյան. Բանակին, իրոք, պետք են գործընկերներ

«Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրն ունի հստակ տեսլական. զինված ուժերի խորքային գնահատման հիման վրա զարգացնել կարողությունները, որոնք կնպաստեն ներխմբային կոնֆլիկտների նվազեցման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, իրավունքների խախտումների կանխարգելմանը, դրանց ընթացիկ պաշտպանությանը, ինչպես նաև՝ առկա պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը: Այս մասին ծրագիրը ներկայացնելիս այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝ ծրագրի թիրախում է ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը, սակայն քանի որ ծրագիրը, ըստ էության, համակարգային է, ապա այն չի սահմանափակվում իրազեկվածության բարձրացմամբ կամ էպիզոդիկ խնդիրների վերլուծությամբ: Եվ ըստ այդմ էլ կարևորությունն ավելի է ընդգծվում այն հանգամանքով, որ շահառու են նաև ավանդաբար բացասականորեն թիրախավորված ուժային կառույցները.

«Դա հաճախ շատ անհիմն է»,- վստահություն է հայտնել նախարարը:

Վիգեն Սարգսյանը վստահ է նաև, որ ձևավորված այդ կարծրատիպային մտածելակերպը կարող է հեշտությամբ փոփոխվել, եթե ներդրվեն համապատասխան ընթացակարգեր, ինչպես նաև լինեն այն հնարավորությունները, որոնք ապահովում են յուրաքանչյուրի իրավունքների լիարժեք ապահովումն ու պաշտպանությունը: Ըստ նախարարի՝ հատկապես զինված ուժերում դա շատ կարևոր է, քանի որ խոսքը փակ համակարգի մասին է:

«Բանակին, իրոք, պետք են գործընկերներ՝ քաղաքացիական հասարակությունը, մամուլը, բոլոր այն կառույցները, որոնք ունեն փորձագիտական կարողություն մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նրանք բոլորը մեր գործընկերներն են: Խնդրում եմ՝ ոչ թե դիտորդի կամ վերլուծաբանի կարգավիճակով, այլ անմիջական ձեր մասնակցությամբ կարողանաք լինել պաշտպանության նախարարության կողքին՝ դեպքերի ուսումնասիրության և դրանց կանխման առումով»,- հորդորել է Վիգեն Սարգսյանը: