24.11.2024
Հայրենիքը ետ բերելու վերջին ժամը. Րաֆֆի Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Ինչ սպասելիքներ ունեն Արցախում բանակցություններից. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական խաղաղապահների հրամանատար, գեներալ մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ երեկ շարունակվել են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները, չնայած նա շուտով մեկնելու է Արցախից: Ռուսներն առանձին բանակցել են ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ արցախյան կողմի հետ, սակայն 3-րդ օրն է՝ որեւէ արդյունք չկա։ Հակառակը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում երեկ տեղադրել է մի ցուցանակ․ «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ադրբեջանը կիրակի օրը փակեց Լաչինի միջանցքը ճիշտ այն մասում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, եւ նրանք չկանխեցին ադրբեջանական բեռնատարներով եւ ռազմական մեքենաներով Հակարի կամրջի փակումը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե անընդունելի է Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխությունը։ Արցախում վստահ են, որ ադրբեջանցիները չեն հրաժարվելու անցակետի գաղափարից: Միակ բանը, որին կփորձեն հասնել ռուսները, որ անցակետում տեղակայվեն ոչ միայն ադրբեջանցիներ, այլեւ ռուս խաղաղապահներ՝ լինի համատեղ տեղակայում։ Նշենք, որ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Լաչինում անցակետի տեղադրումն օրինական է, համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, եւ Պրահայում ու Սոչիում Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի ավագանու ընտրություններին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի մասնակցելու մտադրությունը Ռոբերտ Քոչարյանի սրտով չէ։ Երկրորդ նախագահի թիմակիցները փորձելու են համոզել Թեւանյանին` հրաժարվել մասնակցելու մտքից, բոյկոտել ընտրությունները, որպեսզի որեւէ կերպ այդ մասնակցությունը չկապվի Քոչարյանի հետ։ Օրերս գրել էինք, որ երկրորդ նախագահը որոշել է դաշտն ազատ թողնել մյուս ուժերի համար, որոնց մեծ մասն իրեն մեղադրում է քաղաքական արենան գրավելու եւ իրենց գործելու տարածք չթողնելու հարցում։ Եթե Անդրանիկ Թեւանյանը չհրաժարվի, չի բացառվում՝ ՀՅԴ-ն էլ որոշի թեկնածու առաջադրել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերին սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ-ում այս օրերին նախընտրական եռուզեռ է: Թեեւ ընտրություններին շուրջ չորս ամիս կա, բայց ՔՊ-ն իր ողջ կազմով լծված է քաղաքապետի իր թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի քարոզչությանը: Կարելի է ասել՝ Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած անվտանգային լրջագույն խնդիրներն այս պահին մղվել են երկրորդ պլան. ՔՊ-ականները զբաղված են մայրաքաղաքում իրենց իշխանության պահպանման հարցով, սրա համար գործի է դրվել ողջ ռեսուրսը: ՔՊ-ամերձ մեր աղբյուրնեից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն էլ է բավականին ակտիվ մասնակցում կազմակերպչական աշխատանքներին ու անձամբ համակարգում գործընթացը: ՔՊ վարչության ու նախաձեռնող խմբի նիստերն էլ այս օրերին գրեթե ամբողջությամբ նվիրված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերին: Ի դեպ, ՔՊ-ում գրեթե 100% վստահ են իրենց հաղթանակի վրա, հիմա աշխատանքներ են տանում «ջախջախիչ հաղթանակ» ապահովելու համար:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների հարցի շուրջ գործընթացը կասեցված չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգը շարունակում է ներքին քննությունը կուսակցության ընտրությունների մասով, եւ ինչ-որ փուլում ՔՊ-ականներից ոմանք կգնան իրավապահների մոտ եւ բացատրություն կտան: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 4-ին իշխող կուսակցությունը պաշտոնապես հաստատեց, որ իր ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքները սխալ են հաշվարկվել, եւ, ստացված դիմումի հիման վրա, իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։ Արդյունքում վարչության կազմից դուրս են մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում են պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Հայտարարության մեջ այդպես էլ չի հստակեցվում՝ ով է դիմել վերահաշվարկի համար (ըստ լուրերի՝ Արսեն Թորոսյանը), ձայները կեղծվել են, թե անփութություն է եղել, կամ հնարավոր պատասխանատվության հարցը դարձել է քննարկման առարկա, թե ոչ։ Այս հարցով զբաղվում են իրավապահները։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական խմբակցության պատգամավորները շարունակում են մանիպուլացնել հանրությանը: Այսպես, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ապրիլի 18-ին հայտարարել է, թե 2008-17 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել։ Պատգամավորի պնդմամբ՝ պատերազմում պարտության պատճառը դա էր։ FIP-ը, սակայն, նկատում է, որ երկու տարի առաջ նույն Պապոյանը, դարձյալ ԱԺ ամբիոնից խոսելով ներկա իշխանության տարիներին ՀՆԱ ցուցանիշի մասին, ներկայացնում էր այն դրամային արտահայտությամբ՝ պնդելով, որ 2007-ի համեմատ՝ 2020-ին երկրի ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Այսինքն՝ Պապոյանը իրենց իշխանությանը ձեռքբերում վերագրելու նպատակով ՀՆԱ աճը ներկայացնում էր դրամային արտահայտությամբ, քանի որ այդպես հնարավոր էր, 2007-ի համեմատ, կրկնակի աճ ներկայացնել։ Միեւնույն ժամանակ, նախկին իշխանությունների օրոք ՀՆԱ ցուցանիշը պատգամավորը ներկայացնում է դոլարային արտահայտությամբ, քանի որ այդպես ՀՆԱ-ն չի աճել, ինչը, ըստ Պապոյանի, ձախողված տնտեսական քաղաքականության հետեւանք էր։ Այսպիսով, Պապոյանը, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված, մանիպուլացնում է գործող ու նախկին իշխանությունների օրոք ՀՆԱ ցուցանիշները։


«Հրապարակ» թերթը գրում է. Նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրն աշխատանքից ազատման դիմում է գրել եւ հեռացել աշխատակազմի ղեկավար Անի Մխիթարյանը, ով նշանակվել էր Քրիստինե Գրիգորյանի օրոք, ասում էին՝ նրա ընկերուհին է։ ՄԻՊ գրասենյակից ասացին, որ Մանասյանը հասկացնել է տվել, որ Գրիգորյանի կադրերի հետ չի պատրաստվում աշխատել․ իր աշխատակազմն է ձեւավորելու՝ իր համար վստահելի ու մտերիմ մարդկանցից, չնայած կարծես թե նա ու Քրիստինե Գրիգորյանը նույն թիմից են եւ կիսելու բան չպետք է ունենային։ Անի Մխիթարյանն էլ դա նորմալ է համարել, դիմումը գրել։ Նշենք, որ Անի Մխիթարյանի կենսագրությունը ՄԻՊ կայքում այդպես էլ չհայտնվեց, նա մինչ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար դառնալը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականն էր, դրանից առաջ էլ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) պետն էր։ Նա անցնում էր հայտնի «որդեգրումների գործով»՝ որպես մեղադրյալ, եւ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթներից մեկով։


«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստանի արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է նախապատրաստում, որոնք վարչական պատժի սպառնալիքով կարգելեն կրոնի սպասավորների միջամտությունը իշխանությունների գործունեությանը, այդ թվում՝ եկեղեցու ներկայացուցիչների հրապարակային ելույթներն այդ թեմաներով: Բնականաբար, նիկոլներին չի հետաքրքրում այդպիսի նախաձեռնության հակասահմանադրական լինելու հագամանքը»:


«Հրապարակ» թերթը գրում է. Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած եւ անկախ, բայց իրականում իշխանության հովանու ներքո գործող պատգամավորի կարգավիճակ ունեցող Իշխան Զաքարյանը տեւական ժամանակ է՝ բոյկոտում է ԱԺ նիստերը: Անցած սեպտեմբերից Զաքարյանը խորհրդարան ոտք չի դրել, սակայն իշխող մեծամասնությունը, ինչպես նաեւ ԱԺ ղեկավարությունը, աչք է փակում նրա բացակայությունների վրա, այն դեպքում, երբ ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով ամիսներ առաջ փորձում էին զրկել մանդատից։ ԱԺ կանոնակարգ օրենքի 156-րդ հոդվածը ձեւակերպում է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը. «Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»: Պատգամավորի բացակայությունները համարվում են հարգելի, եթե առողջական խնդիրներ ունի եւ բժշկի թուղթ է ներկայացնում խորհրդարան՝ հիմնավորելով փաստը։ Ճիշտ է` մի քանի ամիս առաջ Զաքարյանը սրտի վիրահատություն է տարել, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում նա` որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, շրջագայությունների է մեկնել Թուրքիա, որտեղից պարբերաբար լուսանկարներ եւ հաղորդագրություններ է տարածում: Մեկ շաբաթ առաջ էլ Զաքարյանը հանդիպել էր սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Թերեւս սա էլ է մտնում իշխանությունների ծրագրերի մեջ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում: Դրանով է բացատրվում այն, որ Զաքարյանի բացակայությունների վրա աչք են փակում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կաշառքի գործով հետախուզման մեջ գտնվող, հոկտեմբերի 27-ի գործը քննած նախկին դատավոր Սամվել Ուզունյանի կինը՝ Ալլա Հարությունյանը, երեկ ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նախկին դատավոր Սամվել Ուզունյանին եւ կնոջը՝ Ալլա Հարությունյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշենք, որ այն ժամանակ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը քննել է 1999թ. «Հոկտեմբերի 27»-ի գործը: Նախկին դատավորին ու կնոջը հրավիրում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում: Այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հրապարակում, թե որ գույքերը կամ ինչ չափի գումար է դիտարկվում՝ որպես ապօրինի ձեռք բերված եւ բռնագանձման ենթակա գույք: Ի դեպ, Ուզունյանը 2019 թվականից հետախուզման մեջ է: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու փորձին օժանդակելու եւ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու դրվագներով: Մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն Ուզունյանը լքել է պետական սահմանը, եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացվել: