25.11.2024
ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականը գալիս է Երևան
prev Նախորդ նորություն

Այսուհետ միակ ճանապարհը սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հեռավար հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին:

Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով սպանվել է ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող և վիրավորվել մեկը, պետնախարարն այն ահաբեկչական է որակել: Նա ընդգծել է, որ այսպիսով Ադրբեջանը բացահայտ ցուցադրել է, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապվելու որևէ տարբերակ ունենալ չի կարող, իսկ Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու պատրվակը այդ պետությունը օգտագործում է իր հանցավոր արարքը քողարկելու համար: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունն ունի բավարար ապացույցներ և դրանք կներկայացնի միջազգային կառույցներին՝ ապացուցելու ադրբեջանական այս հանցագործությունը:

Պետնախարարը հարցազրույցում նշել է նաև, որ ադրբեջանական կողմի զոհերն ու վիրավորները դեպքի վայրից դուրս են բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

Գուրգեն Ներսիսյանը նաև միջազգային հանրության պահվածքից է խոսել՝ դա որակելով անընդունելի և արցախցիների դիմադրողականության ստուգում:

«Դիմադրողականություն ստուգելու տեղ այլևս չկա, ոչ զիջելու և ոչ էլ չպայքարելու հնարավորություն կա: Այսուհետ միակ ճանապարհը սեփական ընտանիքում, սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ: Դա պետք է գիտակցեն թե՛ Ադրբեջանը, և թե՛ արդբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ զբաղվող միջազգային դերակատարները»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարը պատասխանելով միջազգային փաստահավաք առաքելության անհրաժեշտության մասին հարցին՝ նշել է, որ շուրջ երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում հումանիտար աղետ ստեղծելուց բացի Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները: «Միջազգային հանրության մոտ եթե ցանկություն լիներ, նրանք անմիջապես կգային՝ սեփական աչքով տեսնելու, թե ինչպես է ապրում շրջափակված 120․000 հայ բնակչությունը. Արդյոք ճանապարհը կամ միջանցքը հասանելի է, արդյոք ունենք կապ արտաքին աշխարհի հետ և թե նվազագույն պարենի պաշարն ապահովելու համար ինչերի միջով ենք ստիպված անցնել», - նշել է Գուրգեն Ներսիսյանը: