25.11.2024
Չեմ հավակնում Արցախի նախագահի պաշտոնին. Սամվել Բաբայան
prev Նախորդ նորություն

Կառավարության որոշմամբ Իրանին ՀՀ տարածքում հողամաս ձեռք բերելու թույլտվություն կտրամադրվի

Իրանին Հայաստանի Հանրապետության տարածքում հողամաս ձեռք բերելու թույլտվություն կտրամադրվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 16-նի նիստի օրակարգում:


Հայաստանում Իրանի դեսպանությունը, ինչպես ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, հայտագրով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Երևանի Ավան թաղամասի Հ. Աճառյան փողոց 35/23 հասցեում գտնվող ՀՀ քաղաքացի Լիլիթ Լևոնի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը ձեռք բերելու համար: Այնտեղ նախատեսում է տեղակայել դեսպանի կեցավայրը:


«Հայաստանի և Իրանի միջև բարեկամությունն ունի դարերի պատմություն։ Այդ բարեկամության և երկկողմ համագործակցության հաստատման և զարգացման համար նոր հնարավորություններ և նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի անկախացումից հետո։ Երկու երկրների միջև արդյունավետ համգործակցությունն ընթանում է էներգետիկայի, բնապահպանության, մշակույթի և այլ ոլորտներում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են փոխհարաբերություների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 180 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր, և արձանագրություններ: Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը բխում է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից»,-փաստաթղթի ուղեկցող գրության մեջ հիմնավորել է ՀՀ ԱԳՆ-ն։


Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի ՝ օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել կամ վարձակալել կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքով օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա ընդունված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ միջազգային պայմանագրի համաձայն` պահպանելով փոխադարձության սկզբունքը: