24.11.2024
Վահան Քերոբյանը Դուբայում քննարկել է Շիրակում կառուցվելիք «չոր նավահանգստի» հարցը
prev Նախորդ նորություն

Արցախի Օպերատիվ շտաբի նիստում մի շարք հրատապ հարցեր են քննարկվել

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ փետրվարի 14-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:

Ներկայացվել է պարենային ապրանքների, դեղորայքի, վառելիքի, ինչպես նաև ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակը:

«Արցախէներգո» ՓԲ ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը նշել է, որ գազամատակարարման բացակայության և ցուրտ եղանակի պայմաններում էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, ավելացել են վթարները, բաշխիչ ցանցը գտնվում է ծայրահեղ վիճակում: Պետնախարարը հանձնարարել է իրավիճակի հետ կապված առաջարկներ ներկայացնել՝ պատասխանատու բոլոր կառույցների հետ քննարկելու և ստեղծված պայմաններում հնարավորինս արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը ներկայացրել է շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության սոցիալական միջոցառումների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շահառուների դիմումների ներկայացման գործընթացը մեկնարկել է: Պետնախարարը հանձնարարել է աջակցության միջոցառումների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկում ապահովել, որպեսզի բոլոր շահառուները կարողանան ժամանակին ստանալ նախատեսված փոխհատուցումները:

Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է նաև, որ ընթացքում են Արցախ հասած բարեգործական որոշ բեռների բաշխման աշխատանքները: Բարեգործական եղանակով ստացված պարենային ապրանքները տրամադրվում են բացառապես անվճար՝ սոցիալապես անապահով խմբերին: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարևորել է գործընթացի առավելագույնս թափանցիկ իրականացումը՝ նշելով, որ այն պետք է պարզ և հասկանալի լինի ինչպես բեռն ուղարկած բարեգործական կազմակերպությունների, այնպես էլ հասարակության համար: Նրա խոսքով՝ բնակչությունը պետք է պատշաճ իրազեկվի՝ ում և ինչ սկզբունքով է հատկացվում բարեգործական բեռը, որպեսզի տուրք չտա տարբեր տեսակի ապատեղեկատվությանն ու շահարկումներին:

Նիստում անդրադարձ է եղել նաև գների վերահսկողության խնդրին: Տեղեկացվել է, որ հաստատվել է «Ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման և վերահսկողության հատուկ կարգը», որով Պետական եկամուտների կոմիտեին, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեին, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին, իսկ շրջաններում՝ վարչակազմերին գների վերահսկողության գործառույթներ են վերապահվում: Պետնախարարը հանձնարարել է պատասխանատու մարմիններին շարունակել դիտանցումներն ու գնագոյացման ուսումնասիրությունների աշխատանքները, ինչպես նաև վերլուծել գնաճային հնարավոր դրսևորումների պատճառները: