24.11.2024
Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է հասցեական քայլեր. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Մոսկվան նախապատրաստում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում

Արարատ Միրզոյան-Սերգեյ Լավրով հեռախոսազրույցի կոնտեքստը հաշվի առնելով, արդյո՞ք սա նշանակում է, որ հայկական կողմը փորձում է ռուսական կողմին բացատրել կամ հավաստիացնել, որ եվրոպական դիտորդական առաքելությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այս հարցին ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:


«Որեւէ մեկին բացատրելու կարիք չկա, թե որեւէ մեկի դեմ է ուղղված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը: Հայաստանի Հանրապետությունն իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ երկամսյա դիտորդական առաքելությունից հետո կարողացել է պայմանավորվել ԵՄ գործընկերների հետ, որ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվի: Եվ սա բխում է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:


Նա վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Իրանի, եւ արեւմտյան գործընկերների հետ: Եվ այս համատեքստում Հայաստանը ելնում է իր շահերից:


Արթուր Հովհաննիսյանը հորդորել է Արեւմուտք-Ռուսաստանի Դաշնություն առճակատումը չտարածել Հայաստանի շուրջ տարածվող զարգացումների վրա եւ ելակետը չվերցնել որպես հիմք: Հայաստանի իշխանությունները ելնում են Հայաստանի պետական շահերից, նշել է պատգամավորը՝ հավելելով.


«ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է, այն որեւէ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է՝ իրականացնելու բացառապես դիտորդական առաքելություն, ֆիքսելու այն խնդիրները, իրավիճակը, որ կա Հայաստանի սահմաններին»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ չտեսնել:


ՔՊ-ական Սարգիս Խանդանյանն էլ ավելացրեց, որ եթե Հայաստանը որոշում կայացնի մասնակցել ՌԴ կողմից նախաձեռնած ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը, այդ մասին հավելյալ կհայտարարվի: 


Նրա խոսքով, ռուսական կողմն իրականում նախապատրաստում է նման հանդիպում, բայց արդյոք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի այս հանդիպմանը, մեծապես կախված է այն իրավիճակից, որը կզարգանա այդ պահին։