23.11.2024
Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել
prev Նախորդ նորություն

Երևանն աշխատում է Բաքվի առաջարկների վրա. Սարգիս Խանդանյան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ակտիվությունը կապված է հայկական դիվանագիտության նախաձեռնողականության հետ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևի այցը Երևան և ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսային զրույցները Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի հետ:


Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն ակտիվորեն աշխատում են տարբեր ուղղություններով՝ առկա բոլոր խնդիրներին լուծումներ տալու համար։


Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ պատգամավորը նշեց,  որ այս փուլում կողմերն առաջարկություններ են փոխանակում խաղաղության պայմանագրի հարցի շուրջ, և բոլորովին վերջերս Երևանը ստացել է Հայաստանին ուղղված վերջին առաջարկները։ «Հիմա Հայաստանն աշխատում է Բաքվի առաջարկների վրա, երբ աշխատանքն ավարտվի, մենք մեր պատասխան առաջարկները կուղարկենք Ադրբեջան»,- ասաց նա։


Հարցին, թե անցած հինգշաբթի ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի այցը կարևոր էր,  պատգամավորն ասաց. «Հանդիպման ընթացքում հայկական կողմը բարձրացրել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման, մեր սահմանների անվտանգության ապահովման հարցերը։ Այս այցը ռուսաստանցի համանախագահի հերթական այցն էր տարածաշրջան, հետևաբար արդյունքները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում»։


Հարցին, թե ինչպես պետք է լուծվի Լաչինի միջանցքի հարցը, Խանդանյանը նշեց. «Այս հարցի պատասխանը տրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ, իսկ Ադրբեջանը պետք է երաշխավորի անվտանգությունը»։