Եվրոխորհրդարանի պատգամավորն ու Արցախի պաշտոնյաները քննարկել են շրջափակումը
Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում։
«Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար։
Քննարկել ենք շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ»,- գրել է Ստեփանյանը։