Հայաստանում մշակվող արդյունաբերության տեմպերը 2022 թվականին էապես աճել են, թողարկման ծավալը 13,5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1,8 տրիլիոն դրամ: Փոխարենը մի փոքր նվազել են հանքարդյունաբերության տեմպերը: Թե՛ Կառավարության ծրագրով եւ թե՛ Կառավարության միջոցառումների ծրագրով մենք նախանշել ենք էապես ավելացնել մշակվող արդյունաբերության դերը համախառն ներքին արդյունքում՝ թիրախը սահմանելով 15 տոկոս. այժմ գտնվում ենք 12 տոկոսի միջակայքում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 10-ի ԱԺ նիստում:
Նախարարն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման շրջանակում:
«ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»,- ընդգծել է զեկուցողը:
Վահան Քերոբյանի խոսքով նախաձեռնությամբ նախատեսվում է արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորման շրջանակում Կառավարությանը լիազորել ոլորտի հիմնական ուղղությունների մասով հաստատել պետական օժանդակության եւ աջակցության ծրագրեր:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը փաստել է, որ 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է շուրջ 20 տոկոսով: Նշվել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակել եւ շուտով Կառավարության հաստատմանը կներկայացնի Ներդրումային քաղաքականության ռազմավարությունը: Խոսելով օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ այդ հարցում մեր առաջնային թիրախը լինելու են առաջատար 500 ընկերությունները, որոնց մուտքը Հայաստան կաշխուժացնի տնտեսությունը:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը:
Ելույթներում պատգամավորները կարեւորել են Կառավարության ներկայացրած նախաձեռնությունը, անդրադարձել են մեր երկրում արդյունաբերության զարգացմանը, տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններին:
Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ այս տարի 60 տոկոսից ավելի աճ է գրանցվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Զեկուցողի խոսքով տասնյակ հայկական ընկերություններ պետական գրանտային ծրագրերի շրջանակում ստացել են նորարարական գրանտներ: Հակոբ Արշակյանը փաստել է, որ Կառավարությունը կրկնապատկել է գիտության ֆինանսավորումը, որն իր հերթին կբերի նոր ինտելեկտուալ սեփականությունների գրանցման, որի հիման վրա էլ մեր երկիր կգան նոր ներդրումներ: