Սերգեյ Սմբատյանը կոչ է արել մշակույթի գործիչներին դատապարտել Ադրբեջանին
Աշխարհի տարբեր անկյուններում տիրող անհանգստություններին գնահատական տալիս միջազգային հանրությունը հաճախ է անտեսում առանձին մարդու ճակատագիրը։ Սակայն ավելի քան 120000 անհատներին չնկատելը ո՛չ հասկանալի է և ո՛չ հանդուրժելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը:
"Արցախում այսօր 120000 մարդ զրկված է Հայաստանից ստացվող սննդամթերքից, դեղորայքից, վառելիքից և կենսական անհրաժեշտության այլ ապրանքներից, որովհետև Հայաստանն Արցախին կապող միակ ուղին արդեն կես ամիս շարունակ շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Արցախի կյանքի ճանապարհը փակել է ադրբեջանցի բնապահպանների դիմակի տակ թաքնվող ահաբեկիչների խմբակը, որի ավանգարդում կարող ես տեսնել այդ երկրի հատուկ ծառայություններից մինչև թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական և հայատյաց կազմակերպության անդամների։
Արցախի հայ ժողովրդի կրած զրկանքների մասին պետք է ահազանգվի միջազգային ամենակարևոր հարթակներում, քանի որ Ադրբեջանի ստեղծած իրավիճակն արդեն իսկ վերածվում է հումանիտար աղետի։
Ես կոչ եմ անում մշակույթի և հանրային կյանքի այլ ոլորտների բոլոր այն ազդեցիկ անհատներին ու կազմակերպություններին, որոնք անհաղորդ չեն մարդկային ճակատագրերին, դատապարտող և հարկադրող խոսք ուղղել Ադրբեջանին այս հումանիտար հանցագործության համար։ Այս խնդրանքն ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր ընդունակ են կարևորելու և կարեկցելու անծանոթին այնպես, ինչպես դա կանեին իրենց մերձավորների համար։
Ով գիտե՝ գուցե հենց ձե՛ր ձայնն է բեկում մտցնելու Արցախի հայ բնակչության տառապանքներին վերջ դնելու փորձերում",- գրել է ։