Կարևոր է, որ բոլոր միջազգային դերակատարներն ընդունեն Ադրբեջանի հաղթանակը. Ալթուն
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունն Անկարայում անցկացվող «Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունները․Հնարավորություններ և մարտահրավերներ» պանելում ունեցած ելույթում հայտարարել է, թե ըստ միջազգային իրավունքի՝ Ղարաբաղն ադրբեջանական հող է։
«Ղարաբաղի խնդրի, առանց մի նոր թեժ հակամարտության վերածվելու, մնայուն կերպով լուծումը բոլորի օգտին է, տարածաշրջանային երկրների օգտին է, համաշխարհային խաղաղության համար անհրաժեշտ է։ Հետևաբար կարևոր է, որ բոլոր միջազգային դերակատարներն ընդունեն Ադրբեջանի ղարաբաղյան հաղթանակը և իրենց քաղաքականությունը կառուցեն, ձևավորեն այդ իրական առանցքում։ Անկասկած, երբ խաղաղությունն ու հանգստությունը տարածաշրջան գան, բարօրությունը ևս գալու է, և դրանից բոլորն են շահելու։ Ֆրանսիայից էլ ակնկալում ենք, որ այս հարցում աջակցի Թուրքիայի ջանքերին»,- հայտարարել է նա։