25.11.2024
Պահանջում ենք միջոցներ ձեռնարկել և հումանիտար աղետը կասեցնել․ԱՀ և ՀՀ Դատավորների միություն
prev Նախորդ նորություն

Արցախի ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է․ Ակցիա՝ ՄԹ դեսպանատան մոտ

Արցախի տարածքում գտնվող ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:


«Քանի որ Ադրբեջանն այսպես կոչված բնապահպանական պատրվակներով է սկսել սադրանքները, հանցավոր գործողությունները, և քանի որ խոսվում է այդ ամենի մեջ նաև Մեծ Բրիտանիայի որոշ կազմակերպությունների մասնակցության մասին, այսինքն, կան որոշակի տվյալներ, որ ՄԹ-ում գրանցված, հանքարդյունաբերության ոլորտում աշխատող կազմակերպություններն են ձեռք բերել հանքը, ուզում եմ նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ուշադրությունը հետևյալ հանգամանքի վրա հրավիրել․


Արցախի տարածքում գտնվող ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է։


Արցախում շահագործվող բոլոր հանքերը Արցախի ժողովրդի սեփականությունն են։


Ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ աշխարհի որևէ երկիր չի կարող սեփականաշնորհել այն, ինչը պատկանում է Արցախի բնիկ հայ ժողովրդին։ Սա ձեզ՝ ի գիտություն»,- հայտարարեց նա:


Գեղամ Ստեփանյանը Մեծ Բրիտանիային, որպես ՄԱԿ ԱԽ անդամ, կոչ արեց նաև «առնվազն չխանգարել այն գործողություններին, որոնք պետք է երաշխավորեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը»։ Իր հերթին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կոչ արեց Բրիտանիային որեւէ մասնակցություն չունենա Արցախի հանդեպ իրականացվող ահաբեկչության ու ցեղասպանական քաղաքականությանը, այդ թվում Արցախի ճանապարհի արգելափակմանը: