25.11.2024
Գնել Սանոսյանը Սյունիքի Շուռնուխ, Բարձրավան և Որոտան բնակավայրերում ծանոթացել է խնդիրներին
prev Նախորդ նորություն

Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հ.Պ.-ն, 2012-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը, օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հիմնադիրներին և տնօրենին՝ խարդախությամբ հափշտակել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 100 մլն դրամի գույքային վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Վարույթով հիմնավորվել է, որ Գ.Դ.-ն և Հ.Ա.-ն, 2012 թվականին հիմնադրել են «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն)՝ նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 3230.0 քմ մակերեսով հողատարածքը, որը Պուշկին փողոցին հարող հատվածից 300.0 քմ մակերեսով ծանրաբեռնված է եղել կաթսայատնով:


Այնուհետև, տարածքը ուսումնական նպատակով օգտագործելու կեղծ պատրվակով, հիմնադրումից 4 օր անց Ընկերության տնօրեն Ն.Կ.-ն Երևանի քաղաքապետին է ներկայացրել ներդրումային ծրագիր՝ առաջարկելով Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Փոխարենը Ընկերությունը պարտավորվել է «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումից բացի՝ իրականացնել լրացուցիչ մակերեսի կառուցապատման աշխատանքներ՝ դպրոցի պայմանները բարելավելու նպատակով: Եզրակացություն ստանալու նպատակով քաղաքապետը ներդրումային ծրագիրը հասցեագրել է նախկին նախարար Հ.Պ.-ին:


ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, տեղեկացված լինելով Ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: Ծրագրին հավանություն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, որն Ընկերության տնօրեն Ն.Կ.-ի եղբայրն է:


Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012 թվականի դեկտեմբերի 13-ին Ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման և գրավի» ու «Գլխավոր կապալի» պայմանագրեր, որոնցում դիտավորությամբ չի ներառել Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորություններից՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պարտավորության կատարումը («Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրը, ըստ ներդրումային ծրագրի, պետք է արժենար 800 մլն դրամ): Այդ կերպ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, խոչընդոտները վերացնելով, Ընկերությանը հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ իր սեփականության իրավունքը գրանցել Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:


Այնուհետև ՀՀ մշակույթի նախկին նախարարը երկու նախագիծ է ներկայացրել Կառավարություն, որոնցով առաջարկել է կատարել փոփոխություն արդեն իսկ առկա որոշման մեջ: Այն է՝ կատարել դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում, տեղեկացված լինելով, որ այն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով: Մեկ այլ փոփոխությամբ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի միջնորդության հիման վրա առաջարկվել է դպրոցին երաժշտական գործիքներ տրամադրել՝ դպրոցի մարզադահլիճի և այլ հատվածների հիմնանորոգման փոխարեն: Արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունը կատարել է Կառավարության որոշմամբ սահմանված՝ կաթսայատան կառուցման և երաժշտական գործիքների տրամադրման պարտավորությունները, որպիսի պայմաններում Երևանի Եզնիկ Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը խարդախությամբ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 100 մլն դրամի գույքային վնաս:


Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում: Դատախազը որոշում է կայացրել նաև պետական սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար հանրային քրեական հետապնդումներ հարուցել Գ.Դ.-ի, Հ.Ա.-ի, «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մ.Կ.-ի, վերջինիս եղբայր Ն.Կ.-ի նկատմամբ:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: