Հանրապետության հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, տեղի ունեցած հանրահավաքից հետո մասնակիցները մոմավառության կազմակերպեցին՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում եւ դրանից հետո զոհված տղաների։
Մոմավառությանը մասնակցեց նաեւ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ հավաքի համար մեկ խնդիրն է ապացուցել՝ Արցախը մենակ չի։ «Մենք այստեղ ենք, որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ մեր ձեռքերը Արցախից չենք լվացել»,-ասաց Աշոտյանը:
«Սփյուռքի մեր հայրենակիցներ, հիմա ձեր բեմ դուրս գալու ժամանակն է, ձեր քաղաքական իշխանությունների միջոցով օգնել Արցախին պայքարելու եւ դիմակայելու: Նոր տարվա բացիկների փոխարեն նամակներով ողողեք ձեր պատգամավորների, նախարարների փոստարկղերը: Փակեք ճանապարհները, մայրուղիները, ինչպես փակում էինք 44-օրյայի ժամանակ: Սփյուռք, Արցախը քո կարիքն ունի»,-ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը: Նա նաև նշեց, րւ իշխանությունները ասում են, իբր ստեղծված իրավիճակում Հայաստանն անելիք չունի, դա Արցախի ու Ռուսաստանի խնդիրն է: «Մենք այստեղ ենք, որ ճնշենք այս մարդուն, այստեղ ենք, որ ասենք՝ դու անելիք ունես, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դու ես ստորագրել, դու ես վիզ առել Արցախի ժողովրդի անունից», - ասաց Աշոտյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ռուս խաղաղապահներին իրենց ծառայության համար. «Ես գիտեմ, որ ավելի կտրուկ գործողությունների կարիքը կա եւ դրա համար քաղաքական որոշման կարիքը կա: Պաշտոնական Մոսկվան պետք է կայացնի այդպիսի քաղաքական որոշում:
ԵՄ հարգելի ներկայացուցիչներ, շնորհակալ ենք, երեկ հասցեական էիք, բայց դուք էլ լավ գիտեք, որ ձեր հայտարարություններով, ձեր թղթերով Արցախում օջախ չեն կարող վառել, տները տաքացնել: Մենք ձեզնից հայտարարություններ չենք ակնկալում: Էն գազը, որ Ադրբեջանից առնում եք ու ձեր տներում տաքանում եք, նմանատիպ գազից Արցախը զրկված է: Ձեր առած գազի մեջ հայի արյուն կա, հայի թասիբ կա, ձեր գազի մեջ անբարոյականություն է վառվում, երկակի ստանդարտներն ու ցինիկությունն է վառվում:
ԱՄՆ հարգելի գործընկերներ, մենք գիտենք, որ դուք գիտեք, որ Ալիեւն օլիգարխ է, դիկտատորին կարո՞ղ եք պատժել, սանկցիա կիրառել: Արեք դա, որովհետեւ դա ձեզ է պետք»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Իր հերթին ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նշեց․
«Որքան էլ սրանք կանգնեն ասեն, որ թուրք լինելուց չեն վիրավորվում, Ալիևից ավելի լավ հիմնավորեն, որ Արցախն Ադրբեջանինն է, Լաչինի միջանցքի հարցը գցեն ռուսների գրպանը, մենք ասում ենք՝ աշխարհ, Հայաստանում կան մարդիկ, քաղաքական ուժեր, սովորական քաղաքացիներ, որոնք թքած ունեն սրանց վրա ու անգլոսաքսոնական, ՆԱՏՕ-ական ու թուրքական պիղծ արժեքների ջատագովը չեն»։
Նա նշեց, որ 2018 թվականին Փաշինյանին աշխարհաքաղաքական ուժերը բերեցին իշխանության, որ հայ ժողովուրդը հրաժարվի իր պատմական ու ազգային արժեքներից, «կաղապարներից», ինչպես ձևակերպել էր ամերիկացի դիվանագետ Ջոն Բոլթոնը. «Իսկ այդ պատմական ու ազգային «կաղապարներից» ամենառաջին տեղում հայկական ու անկախ Արցախն է։ Դուք թո՞ւյլ եք տալու, համաձայնվելո՞ւ եք, որ սա թույլ տա, որ Արցախը մտնի Ադրբեջանի կազմ։
Ժողովուրդ, որպեսզի աշխարհը մեզ հետ հաշվի նստի, որպեսզի մեր դաշնակիցը լսի մեր խոսքը, մենք պետք է ցույց տանք, որ ազգ ենք, թասիբ ունենք, Եռաբլուրի արյամբ ձեռքներս չենք լվացել։ Սա Պիղատոսի նման, ձեռքները Արցախից լվացել է։ Գործը հասել է նրան, որ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության հանրաքվեի օրը, գոնե մի ուղերձ չի հղում: Ոնց կարա հղի, Ալիևն ու Էրդողանը կպատժեն», - նշել է նա։