Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, չնայած կատարված մի շարք հետազոտությունների, ձեռնարկված քայլերի, օրենսդրական կարգավորումների, հանրային արդի հիմնախնդիրներից մեկն է շարունակում մնալ: Այս մասին գրոմ է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Վիճակագրության տվյալների համաձայն՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթը բնորոշ է բազմաթիվ երկրների, օրինակ՝ Հնդկաստանին, Չինաստանին, իսկ մեր տարածաշրջանում՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին:
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը հայաստանյան պայմաններում նոր երևույթ չեն: Քննարկումները երևույթի՝ ժողավրդագրական հետևանքների, հնարավոր պատճառների վերաբերյալ շատ են, սակայն դեռևս բավականաչափ չի գիտակցվում այն սոցիալ-հոգեբանական պայմանները և միջավայրը, որը ստեղծվում է ընտանիքում, և որի արդյունք է դառնում հղիության սելեկտիվ ընդհատումը:
«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը բավականին մեծ տարածում ունի հայ հասարակությունում, այն հաճախ դիտվում է որպես ընտանիքում ցանկալի երեխաների սեռերի պլանավորման հասարակ և հասանելի միջոց, սակայն երևույթի իրական ծավալները դժվար է գնահատել, քանի որ դրանց որոշ մասը մնում է ստվերում՝ իրականացվելով ոչ միայն բժշկական հաստատություններում, այլ տնային պայմաններում՝ դեղերի միջոցով:
Համաձայն հայաստանյան հետազոտությունների՝ տղա երեխային նախապատվություն տալն ունի բազմաթիվ պատճառաբանումներ, և դրանց արմատներն ավելի շուտ մշակութային, սոցիալ-հոգեբանական և տնտեսական բնույթի են: «Տղա երեխան ազգը, տոհմը շարունակողն է», «տղան ծնողների ապագա կերակրողն է», մոտեցումներն հանդիսանում են ծնողների համար տնտեսապես ապահովված լինելու, խնամք և աջակցություն ստանալու հիմնական գրավականը: Դեռ ավելին, տղա երեխա ունենալը հաճախ կապում են տղամարդու կերպարի, հեղինակության և ինքնագնահատականի կայացման հետ:
Ակնհայտ է, որ վերոնշյալ պատճառները չեն կարող հանդիսանալ իրական և հիմնավոր՝ աղջիկ երեխաներին սեռով պայմանավորված խտրականության ենթարկելու և կանանց իրավունքները խախտելու համար:
Միևնույն ժամանակ, մարդիկ, և հատկապես կանայք, բավականաչափ տեղեկացված չեն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքների մասին, թե՛ կնոջ առողջության և բարեկեցության, թե՛ երկրի ժողովրդագրական և սոցիալ-հոգեբանական վիճակի տեսանկյունից:
Խնդրի թվային արտացուլումն է սեռերի հարաբերակցության գործակիցը, որի տևական շեղումը կարող է հանգեցնել սեռերի փոխհարաբերության խախտմանը, արդյունքում՝ ամուսնությունների թվի կրճատմանը և, հետևաբար ծնելիության էլ ավելի նվազմանը: Սեռերի միջև բնական հարաբերակցությունը ծնվելիս կազմում է 100 աղջկա դիմաց 102-106 տղա:
Հայաստանում, նորածինների սեռերի հարաբերակցության միջին գործակիցը 2018-2020թթ. կազմել է 111 տղա 100 աղջկա նկատմամբ, սակայն որոշ մարզերում՝ Գեղարքունիքում և Արագածոտնում այն զգալի տարբերվում է հանրապետության միջինից՝ կազմելով համապատասխանաբար 123 և 117:
Փոխհարաբերության շեղումը, հատկապես ակներև է ըստ ծննդի կարգի դիտարկելիս: Այսպես, երրորդ երեխայի դեպքում գործակիցը կազմում է բավականին բարձր՝ 123:
Խնդրի արդիականության նվազեցման նպատակով, 2014-2017թթ. իրականցվեցին գործնական միջոցառումներ՝ ուղղված սելեկտիվ աբորտների թվի կրճատմանը. մշակվեց և ներդրվեց համապատասխան օրենսդրական կարգավորում, իրականացվեց սելեկտիվ աբորտների դեմ պայքարի 2015-2017 թվականների գործողութունների ծրագիրը, որը զուգորդվեց հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներով՝ ուղղված երեխաների արժևորմանը:
Հարկ է նշել, որ, հետևողական միջոցառումների արդյունքում, նորածինների սեռերի անհամամասնությունների գործակիցը վերջին տարիներին զգալի կրճատվել է, 2021 թվականին կազմել է 100 աղջկա դիմաց 109 տղա, ինչը նշանակում է տարեկան միջինում շուրջ 200 ապագա մայր ավել է ծնվել ծրագրերի իրականացման հաջորդող տարիներին:
Հաղթահարման ճանապարհին ձեռք բերված արդյունքների պահպանման և հետագա զարգացումների ապահովման համար անհրաժեշտ է շարունակել ծրագրային միջոցառումների շարքը՝ ներգրավելով մասնագետներ կրթական, իրավական, առողջապահական, սոցիալ-հոգեբանական աջակցության ոլորտներից, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպություններից: Այս գործընթացում հատկապես մեծ է զանգվածային լրատվական միջոցների և սոցիալական ցանցերի դերը՝ երևույթի դեմ պայքարի, հասարակության հետ հաղորդակցվելու, համապատասխան կարծիք ձևավորելու և կարծրատիպերի համակարգը փոփոխելու նպատակով: