Ռոբերտ Քոչարյան. Երևանը չի բարձրացնում Արցախի հարցը բանակցություններում
Ցավոք սրտի, Արցախի հարցում բազմիցս հնչեցված բոլոր մտավախություններն այսօր իրականություն են դառնում, մինչդեռ իշխանությունների ջանքերը՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ, պարզապես տեսանելի չեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Տպավորություն ունեմ, որ Արցախի թեման բացակայում է բանակցային գործընթացներից։ Խոսքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին է։ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը Ղարաբաղի շուրջ էր, և ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է այդ հարաբերությունները կարգավորել առանց Ղարաբաղի հարցում որոշակիության և ընդհանուր մոտեցումների ներմուծման»,- ասաց Քոչարյանը։ Նա նշեց, որ եթե Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց կա, ապա դա պետք է նշանակի, որ Արցախի հարցում կա համաձայնություն՝ «լուռ կամ բաց»:
Այն, որ «Արցախի Հանրապետություն», «ինքնորոշում և ինքնիշխանություն» արտահայտությունները իսպառ անհետացել են Հայաստանի իշխանությունների բառապաշարից, խոսում է այն մասին, որ այս հարցում լուրջ խնդիր կա։
«Բաքուն հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և այդ հարցում Հայաստանի հետ խոսելու ոչինչ չկա։ Որքան գիտեմ, Հայաստանը չի պայքարում այս մոտեցման դեմ»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, եթե ստեղծված իրավիճակը շարունակվի, ապա հետագա բանակցային գործընթացը տեղի կունենա հետևյալ ձևաչափով՝ Բաքու-Ստեփանակերտ և որոշ չափով՝ Մոսկվա։ «Ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս ձեւաչափը, թող ասեն մեր փորձագետները»,- հավելեց նա։