Մոնակոյում առաջին անգամ նշվեց Հայաստանի Անկախության օրը
Երկար ամիսների աշխատանքի շնորհիվ ինձ շնորհվեց թույլատրություն կազմակերպել ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառում Մոնակոյի Մայր Notre Dame տաճարում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ։
Տաճարը համարվում է Մոնակոյի արքայական ընտանիքի սուրբ վայրը , որտեղ տարիներ առաջ տեղի է ունեցել Մոնակոյի իշխան Ռենե III-ի և ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիյի հարսանեկան արարողությունը , այնուհետ իշխան Ալբեր Երկրորդի և Շերլին իշխանուհու ամուսնական արարողությունը։
Միջոցառման օրը Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը գտնվում էր ՄԱԿ-ի գագաթնաժողովում և իր անունից միջոցառմանը մասնակցեց պետքարտուղար Իվետ Լամբերտ Բերտին։
Ներկա էին նաև Մոնակոյի կառավարության, Ազգային ժողովի, քաղաքապետարանի ղեկավարությունը։
Միջոցառումը անցկացվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան բարձր հովանու ներքո՝ ի դեմս դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի։
Տաճարում կազմակերպված համերգը կրում էր բարեգործական բնույթ և հանգանակված ողջ գումարը ուղղվեց Մոնակոյում գործող MISSION ENFANCE հիմնադրամին , որի պատվո նախագահն է իշխան Ալբեր II-ը, որն էլ իր հերթին այդ գումարը փոխանցելու է Հայաստանի անապահով ընտանիքների երեխաների կրթությանը։ Համերգը անչափ տպավորիչ և հուզիչ էր,քանի որ այն կատարվեց Հայ մեծանուն երաժիշտների փայլուն կատարմամբ՝ ի դեմս Վիեննայից ժամանած միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի,
Լոնդոն Royal Opera House-ի, La Scala-ի և մի շարք աշխարհահռչակ օպերաների երգչուհի սոպրանո Լիաննա Ալեքսանյանի և աշխարհահռչակ երաժիշտ Պիտր Գաբրիելի հետ նվագակցող դուդուկահար Լևոն Մինասյանի կողմից։
Համերգի ավարտին Մոնակոյի պետքարտուղարին փոխանցվեց Գոհար Գալստյանի կողմից ստեղծված շատ յուրահատուկ մի կտավ, որի վրա պատկերված էին Էջմիածնի Մայր տաճարի և Մոնակոյի Մայր տաճարի նկարները, որն էլ պետք է փոխանցվի Մոնակոյի Իշխան Ալբեր II-ին ։
Համերգից հետո Արքայական պալատի մոտ կազմակերպվեց ընդունելություն, որին մասնակցեցին Մոնակոյի քաղաքական էլիտայի և հայ համայնքի ներկայացուցիչները։
Այդ օրը Արքայական պալատի մոտ կախվեց նաև Հայաստանի դրոշը: