Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել վեց զինծառայողների դի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել զոհված զինծառայողների մարմիններ։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ չի կարող նշել, թե կոնկրետ քանի մարմին է փոխանցվել Հայաստանին, գրում է NEWS.am-ը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խոսքը վեց մարմնի մասին է։
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Մինչ այդ Ադրբեջանը Հայաստանին փոխանցել էր 127 զինծառայողի դի: