26.11.2024
Պահանջում ենք ոստիկանապետի պաշտոնանկությունը. ՀԿ-ների հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳՔ հատուկ խորհրդականին

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։


ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն գոհունակություն են հայտնել ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման, այլատյացության և խտրականության դեմ պայքարի գործում ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է հատուկ խորհրդականի մանդատի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել դրա ներքո շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում բարձր տեխնոլոգիաների դերակատարության վերաբերյալ:


Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական կոպտագույն խախտումների վրա։


Նախարարը շեշտել է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի և դրանց կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։