Միրզոյանն Անն Լինդեի հետ հանդիպմանն ընդգծեց Ադրբեջանին գնահատական տալու անհրաժեշտությունը
Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ։
Ներկայացնելով սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի մանրամասները՝ Հայաստանի արտգործնախարարն առանձնահատուկ կարևորել է դրա հետևանքների վերացման և միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրին հասցեական և համարժեք արձագանքի, ադրբեջանական առավելապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին, մասնավորապես` կին զինծառայողների նկատմամբ իրականացված անմարդկային վերաբերմունքի դեպքերին, համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձ են կատարել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ պատրաստակամություն հայտնելով գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտում փոխգործակցության խորացումը։
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային հարթակներում համագործակցության, ՀՀ-ԵՄ գործընկերության վերաբերյալ: