27.11.2024
Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի
prev Նախորդ նորություն

ՀՅԴ ԳՄ-ն դատապարտում է իշխանությունների որդեգրած քաղաքական հաշվեհարդարի քաղաքականությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ.


"Այսօր, երբ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը առավել քան երբևէ համախմբվելու և մեր պետականությանն ու Հայրենիքին նետված օրհասական, անվտանգային և գոյութենական սպառնալիքները համահայկական ներուժով կանխելու մարտահրավերի առջև են կանգնած, ապազգային իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու և ազգային դիմադրողականությունը գիտակցված և ծրագրավորված թուլացնելու աղետաբեր քաղաքականությունը։


Թիրախում Դաշնակցության համազգային կառույցն է, Հայոց պետականության հիմնադիր քաղաքական ուժը, որի պատմության յուրաքանչյուր էջը հայ ժողովրդին և մեր ազգային իդեալներին ծառայության և նվիրումի պատմություն է։


Ապազգային և օտարածին օրակարգերով առաջնորդվող, մեր հավաքական շահերն ու Հայոց պետականության ապագան հարցականի տակ դնող իշխանությունները կանգ չեն առնում անգամ քաղաքականորեն կարճամիտ և ապօրինի գործողությունների առջև։
Քաղաքական բռնաճնշումների, ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների և ինստիտուտների, բարոյական կոդերի դեմ վարչախմբի պայքարը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը։


Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ մուտք գործելու իրավունքից զրկվել և անցանկալի անձինք են հայտարարվել ՀՅԴ երեք ներկայացուցիչներ՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանը։


ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից որդեգրված քաղաքական հաշվեհարդարի, ազգային պառակտումի և հայրենազրկումի որդեդրված քաղաքականությունը, այն դիտարկում է օրվա իշխանությունների՝ օտար օրակարգերն ու շահերը անվերապահ ապասարկելու հերթական դրսևորում։ Միաժամանակ, ամենայն վստահությամբ, հայտարարում ենք, որ այսպիսի դրևորումները դատապարտված են ձախողման, իսկ ՀՅԴ-ն չի նախանջելու իր սկզբունքներից և քաղաքական հավատամքից, անելու ենք հնարավորը, որ երկրում հաստատվի Հայոց պետականությանն ու համազգային շահերին ծառայող իշխանություն"։