10.10.2024
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանեց 9.5 տոկոս
prev Նախորդ նորություն

Լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոսին. Քերոբյան

Լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոս ամսին, առաջիկա օրերին կհրապարակվի չվացուցակը, իսկ Լարսի անցակետում հուլիսին նախորդ ամսվա համեմատ հայկական բեռների թողունակությունը ավելացել է մոտ 10 տոկոսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:


Քերոբյանը հիշեցրեց, որ իր գործընկերոջ՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ նաև հենց տեղում՝ Լարսի անցակետում, փորձել են լուծումներ տալ, պայմանավորվել էին, որ մաքսազերծման համար երկրորդ տարածք պետք է հատկացվի, ինչն արվել էր:


«Եվ հուլիսին հունիսի նկատմամբ մոտ 10 տոկոսով ավելացել է հայկական բեռների թողունակությունը: Դա ավելի քիչ է, քան մենք պլանավորել էինք, քանի որ մեր կարծիքով այն պետք է տար առնվազն 30-տոկոսանոց աճ: Ես պատրաստվում եմ այս տվյալներով կիսվել իմ գործընկերոջ հետ: Հենց հերթերի առումով մենք ունենք բարելավում, բայց ոչ այն չափի, որ նախատեսել էինք: Այս տեսանկյունից քննարկումներն ու աշխատանքները շարունակվում են»,-վստահեցրեց նախարարը:


Իսկ լաստանավային հաղորդակցության գործարկումը թեև պահանջեց ավելի շատ ժամանակ, սակայն նախարարն ասաց. «Կարծում եմ՝ մենք այս ամիս անպայման կգործարկենք: Կարծես թե բոլոր խնդիրները լուծվել են: Եվ հիմա միակ խնդիրը, որ դեռևս պետք է համաձայնեցվի, այն է, որ յուրաքանչյուր ապրանքի մասով պետք է օնլայն ռեժիմով թույլտվություններ ստանանք, որ կարողանանք այս կամ այն բեռն անցկացնել: Իսկ ընդհանուր առմամբ մենք կարծես թե արդեն պատրաստ ենք նրան, որ չվացուցակը հրապարակենք: Մոտակա օրերի ընթացքում դա տեղի կունենա»:


Խոսելով նախ տարվա առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշներից, 6 ամսում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի 11.8 տոկոս աճից՝ նախարարն ասաց. «11.8 տոկոսը լավագույնն է վերջին 15 տարիների ընթացքում: Սակայն, բնականաբար, չի կարելի ասել, թե ամեն ինչ առջևում շատ պայծառ է, քանի որ թե ամբողջ աշխարհը, թե հատկապես մեր տարածաշրջանը լեցուն է մարտահրավերներով: Եվ այդ առումով մենք պետք է ոչ թե թուլացնենք, այլ հակառակը՝ ուժեղացնենք մեր աշխատանքը, որ արձանագրված արդյունքներն ամրապնդենք նաև հաջորդ եռամսյակների և տարիների համար»:


 


 


 

FLYONE ARMENIA-ն մեկնարկել է թռիչքներ դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները