ԱԺ խորհուրդը որևէ ընդդիմադիր պատգամավորի մանդատից զրկելու համար ՍԴ չի դիմի. Զոհրաբյան
Այսօր երեկոյան նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որի ընթացքում ԱԺ խորհուրդը պիտի որոշի ընդդիմադիր երկու խմբակցությունների 33 պատգամավորի պատգամավորական մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը։ Հիմնավորումը՝ մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայելու համար։
Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և շարունակում.
"Անկեղծ, ինձ թվում էր, թե Նիկոլը մի քանի ընդդիմադիրի՝ առավել ըմբոստներին, կզրկի պատգամավորական մանդատից, իսկ մյուսներին «մեծահոգաբար» կների՝ փորձելով նաեւ այս կերպ պառակտել ընդդիմադիր խմբակցությունները։
Բայց, վերլուծելով եւ համադրելով մի շարք փաստեր, գրեթե վստահ եմ, որ ԱԺ խորհուրդն այսօր հրավիրվելիք նիստում կորոշի որեւէ ընդդիմադիր պատգամավորի մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չդիմել։
Հիմնավորումն էլ կլինի այն, որ իրենց ընտրել է ժողովուրդը, ժողովուրդը թող գնահատի նրանց անգործությունն ու հաջորդ ընտրություններում իր քվեարկությամբ վերաբերմունք արտահայտի։
Այսպիսով՝ ՔՊ-ն կարձանագրի, որ իրենք «կատարյալ» ժողովրդավար քաղաքական ուժ են եւ անգամ օրենքով թույլատրելի բացակաների շեմը խախտելու դեպքում հարգում են ժողովրդի կատարած ընտրությունն ու որեւէ ընդդիմադիր պատգամավորի հարցով Սահմանադրական դատարան չեն դիմում։
Իսկ ԱԺ խորհրդի նիստը հրավիրել են, քանզի դա սահմանադրական պահանջ է: Ահա այսպես",- գրել է Զոհրաբյանը։