VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքով մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն կարող է 10 դառնալ։ Օրենքը նոր ձևավորվող ԱԺ-ին է հնարավորություն տալու կոնկրետ որոշել, թե քանի հանձնաժողով պետք է ունենալ։ Դա պայմանավորված է լինելու նաև խորհրդարանում պատգամավորների քանակով։ Հիշեցնենք՝ հաջորդ խորհրդարանում պատգամավորների քանակը ավելի քիչ է լինելու։ Մեր տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը հակված է կրճատել երկու թերբեռնված կամ գրեթե չաշխատող եվրոպական ինտեգրման ու մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովները, որոնք տրված են ԲՀԿ խմբակցությանը։ Առաջինը միացվելու է արտաքին հարցերի, երկրորդը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբավորման անդամ
Հովհաննես Վարդանյանի որդուն`
Պարույր Վարդանյանին, օրերս հրավիրել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրան քննիչներն ասել են, որ մեղադրում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ: Երբ Պարույրն ասել է, որ ինքը նման բան չի արել ու քննիչներին խնդրել է ցույց տալ ապացույցներ, թե ինչպես է զանգվածային անկարգություններ արել, նրան ոչինչ ցույց չեն տվել: Արդյունքում Պարույր Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ հեռացել է ՀՔԾ-ից»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ-ից Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ աճը այս տարվա առաջին կիսամյակում արդարացված կասկածներ է առաջացնում պաշտոնական վիճակագրության հավաստիության նկատմամբ։ Որոշ ապրանքների արտահանումը աճել է հազարավոր անգամներով։ Մասնավորապես, ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստան է արտահանվել «Ուղեպայուսակ, ճամպրուկ, դրամապանակ, ակնոցի, հեռադիտակի և այլ պայուսակներ, տուփեր» ապրանքախմբում ներառված 30 հազար 704 հատ ապրանք 12 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ նույն ապրանքախմբի ապրանքներից ՌԴ էր արտահանվել ընդամենը 14 հատ։ Աճը կազմում է 2 հազար 193 անգամ։ Թե ինչպես է ստացվել նմանատիպ ապրանքների արտահանման ավելի քան 2 հազար անգամյա աճ, առանձին ուսումնասիրության առարկա է: Սակայն հիմնավոր կասկածներ կան. որ դրանք իրականում թուրքական ապրանքներ են։ Քանի որ այս տարվա սկզբից ՌԴ-ն պատժամիջոցներ էր մտցրել թուրքական որոշ ապրանքների վրա, ապա այդ ապրանքների մի մասը մուտք էին գործում այլ երկրներ, ձևակերպվում որպես տվյալ երկրի արտադրանք ու վերաարտահանվում ՌԴ։ Հայաստանը թերևս անմասն չի մնացել այդ սխեմաներից։ Պետք է սպասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հետևանքով ՀՀ-ից ՌԴ ապրանքների արտահանման ծավալները կարող են զգալիորեն նվազել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն
Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները մերձավորների հետ զրույցներում ասում են, որ իրենց Կարապետյանն առաջիկա օրերին նշանակվելու է ՀՀ վարչապետ: Նույնիսկ նշանակման օրն է նշվում` սեպտեմբերի 21: Ըստ լուրերի՝ այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարելու է «Համաձայնության կառավարություն» ձեւավորելու եւ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին: Մյուս կողմից կասկածներ կան, որ այս լուրերն ընդամենը խայծ են, եւ դրանց նպատակը Հայաստանի հասարակության տրամադրությունները շոշափելն է: Բանն այն է, որ Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական պայմաններում օդ ու ջրի պես հարկավոր է, որ հանրությունը դադարի մշտապես բացասական սպասումների մեջ ապրել: Երեկ ողջ օրվա ընթացքում իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ այս լուրերի իսկությունը պարզել: Բոլորը խորհրդավոր ակնարկներ էին անում` խորհուրդ տալով սպասել մինչեւ առաջիկա հինգշաբթի` կառավարության նիստին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում կադրային խոշոր փոփոխությունների թեման գնալով ավելի առարկայական է դառնում։ Թեեւ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշ պաշտոնների հարցում դեռ վերջնական եզրահանգումների չի եկել՝ գցում-բռնում է, թե ում որտեղ նշանակի, որպեսզի երերացող «նավը» չխորտակվի։ Այնպես որ, այս փուլում ցանկացած տեղեկություն, որը հրապարակվում է, թեական է՝ փոփոխության ենթակա։ Առավել հաստատուն է վարչապետի եւ ԱԳ նախարարի փոփոխության հարցը։ Եթե վարչապետի պարագայում կանգ են առել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածության վրա, ապա ԱԳ նախարար է նշանակվելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Եվ եթե մինչ օրս խոսվում էր, որ Էդվարդ Նալբանդյանը գնալու է իր երազանքների երկիր՝ Ֆրանսիա, եւ ձգտում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնը համատեղել Իսրայելում եւ մի քանի այլ երկրներում դեսպանի պաշտոնի հետ, ապա այժմ պնդում են, որ նրան գործուղելու են Ռուսաստան։ Ռուսաստանն այս փուլում մեզ համար շատ կարեւոր է, եւ Նալբանդյանը, որպես ռուսական ազդեցություն կրող, ընդունելի է ՌԴ իշխանությունների համար։ Կարծես թե հաստատվում է նաեւ Գեւորգ Կոստանյանի՝ Վրաստանում դեսպան նշանակվելու մասին լուրը, ասում են՝ ինքն է այդպես ցանկացել։ Մյուս վիճելի հարցը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է, որը հնարավոր է բաժին հասնի Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնի հետ հավելումով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Արցախի ազատամարտիկների միությունը դատապարտել էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելու քայլը եւ նրանց խոհեմության կոչ էր արել: «Ժողովուրդ»-ը ԼՂՀ ՊՆ փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանից (Օգանովսկի Սամվել) փորձեց պարզել, թե ինչու իրենք ի սկզբանե միակողմանի դիրքորոշում դրսեւորեցին եւ Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի պես չեզոք դիրք չզբաղեցրին, ի վերջո, փաստ է, որ Արցախի ազատամարտիկների միության տեսակետը Հայաստանի հասարակության մի մասի շրջանում զայրույթ առաջացրեց: «Այդ հարցում Արցախի ազատամարտիկների միության դիրքորոշումը մեկն է` պաշտպանել Հայոց պետականության շահը, եւ եթե ուշադիր ընթերցեք այդ հայտարարության տեքստը, ապա կհամոզվեք, որ դրանում ասված է այն, ինչը բխում է մեր ազգային ու պետական շահից»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանը»: