24.11.2024
ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի աճի տեմպերը գոհացուցիչ չեն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները խոստովանել են, որ չեն կատարել իրենց պարտավորությունները. նախագահ

Ռուսական կողմն ընդունել է իր պատասխանատվությունը Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, այժմ կատարվում է ծառայողական քննություն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը։


Նախագահը հիշեցրել է, որ Փառուխ գյուղի ուղղությամբ խնդիրներ են ծագել փետրվար-մարտ ամիսներին։ «Դեռևս չպարզված հանգամանքներում ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները կարողացան առաջ շարժվել։ Հետո հետ քաշվեցին, բայց դեռ որոշակի տարածք են զբաղեցնում այնտեղ»,- ասաց նա։


Նշելով, որ մասնակցել է ռուսական կողմի հետ ստեղծված իրավիճակի քննարկումներին, նա ընդգծել է, որ հայկական կողմը կոշտ դիրքորոշում է որդեգրել։ «Արդյունքում ռուսական կողմը, ի վերջո, ընդունեց, որ այնտեղ որոշակի բացթողումներ են արվել։ Այժմ ծառայողական քննություն են անցկացնում՝ պարզելու դեպքի պատճառը։ Բայց ներքին քննարկումների ընթացքում նրանք խոստովանեցին, որ չեն կատարել իրենց պարտավորությունները։ Սա հրապարակավ ասելու կարիք չկար»,- ասաց Խաչատրյանը։


Նրա խոսքով, իրավիճակն այնքան լարված է եղել, որ արցախցիներից ոմանք անգամ բարձրացրել են Հայաստան տեղափոխվելու հարցը, «եթե խաղաղապահները չկարողանան ապահովել իրենց անվտանգությունը»։ «Սրան ռուսական կողմի պատասխանը հետևյալն էր. մենք պարտավոր ենք ապահովել մարդկանց անվտանգությունը, ամեն ինչ անելու ենք, որ դուք ապահով ապրեք։ Անգամ առաջարկել են ներդրումային ծրագրեր ներկայացնել՝ պատրաստակամություն հայտնելով դրանք ֆինանսավորել»,- ասել է ՀՀ նախագահը։