23.11.2024
Աբսուրդ. Աբրահամյանը բանակում իշխանության բարեփոխումների մասին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վաղարշակ Հարությունյանը փորձում է կանխել ՌԴ-ում հականիկոլական ցույցերը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Արամ Գաբրիելյանովի «Арам сказал» տելեգրամ ալիքն իր բաժանորդներին պատմել էր այն մասին, որ իր չեչեն «բռատը» զանգել եւ խնդրել է, որ քիչ քննադատի ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանին, որպեսզի կարողանան գլուխ հանել մոսկովյան քաղաքականության նրբություններից։ «Եղբայրը խնդրեց՝ եղբայրն արեց։ Իհարկե, յուրաքանչյուրին էլ պետք է շանս տալ»,- գրում է Գաբրիելյանովը։ Արամ Գաբրիելյանովին խնդրեցինք մեկնաբանել աղմկահարույց լուրը։ Ինչպե՞ս հասկանանք, փաստորեն, հայերը հայերի հետ խոսում են չեչենների միջնորդությա՞մբ։ Գաբրիելյանովը պատասխանեց «Հրապարակի» հարցին․ «Ես չէի պատրաստվում խոսել դեսպանի հետ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ով է խնդրել իմ չեչեն եղբորը՝ խնդրել դեսպանի համար։ Հնարավոր է, որ հենց ինքը՝ դեսպանը։ Ես չգիտեմ։ Ես ոչինչ չեմ խոստացել։ Ես ասել եմ այն, ինչ հրապարակեցի՝ որ եթե դեսպանը պատրաստ է պաշտպանել հայերին, ոչ թե Փաշինյանի տակաշորը լինել, ես պատրաստ եմ սպասել (այսինքն՝ չքննադատել դեսպանին - Ս․ Ս.)։ Ահա եւ վերջ։ Ինչպես ինձ պատմեցին, Փաշինյանն իմ գրառումից հետո հիստերիկա է սարքել դեսպանի գլխին»։


Զրույցի ընթացքում Գաբրիելյանովը նշեց, որ նրան խիստ բարկացրել է այն հանգամանքը, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը չի ներկայացել Ռուսաստանի հանճարեղ հայ հետախույզ, լեգենդար Գեւորգ Վարդանյանի հուշարձանի բացմանը։ «Դա ստորություն էր, մանավանդ, նկատի ունենալով, որ ադրբեջանցիներն ամեն մի անցք մտնում են»,- ասաց Գաբրիելյանովը։ Գաբրիելյանովի գրած փոքրիկ լուրը մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ կառավարական շրջանակներում։ ՌԴ դեսպանատանը մոտ աղբյուրն ասում է, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է մեր դեսպան Վաղարշակ Հարությունյանին ու բարկացել, թե ինչու է չեչեններին խառնում այս հարցերին։ Բանն այն է, որ Գաբրիելյանովի հրապարակմամբ ակամայից հաստատվել են տարածվող լուրերն այն մասին, որ ՀՀ իշխանությունները հանձնարարել են հայկական մեծ համայնք ունեցող երկրներում գործող դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին, որ ամեն գնով խոչընդոտեն հակաիշխանական ակցիաների անցկացմանը, թույլ չտան, որ բողոքի ալիքը, որը ծայր է առել սփյուռքում, տարածվի ու աճի։


Հասկանալի է, որ այս տեղեկությունը որեւէ կերպ պաշտոնապես հաստատել հնարավոր չէ, սակայն Արամ Գաբրիելյանովի երեք տողանոց հրապարակմամբ այն անուղղակիորեն հաստատվեց։ Ահա ինչու են Վաղարշակ Հարությունյանի ջանքերը բարկացրել Փաշինյանին եւ գնահատվել որպես արջի ծառայություն։ Մինչդեռ Վաղարշակ Հարությունյանը ցանկացել է, որ հնարավորինս լավ լինի Նիկոլի համար, դրա համար է չեչեններին դիմել։ ՌԴ-ում ՀՀ դեսպանն անձնուրաց պայքար է մղում Փաշինյանի ռուսաստանաբնակ թշնամիների՝ դաշնակցականների, ինչպես նաեւ բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են հականիկոլական ցույցեր կազմակերպել, պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը՝ սատարելով Երեւանի Ֆրանսիայի հրապարակին եւ ընդդիմությանը։ Նման անհնազանդության ակցիաներ կազմակերպելու փորձեր եղել են Մոսկվայում, Պետերբուրգում, Սոչիում, փոքր հավաքներ ու երթեր են կազմակերպվել, սակայն այդ քաղաքների իշխանությունները հիմնականում ցույց անցկացնելու թույլտվություն չեն տվել։


Չի բացառվում, որ այդ հարցում Վաղարշակն էլ ունի իր լուման։ ՌԴ դեսպանատան մեր աղբյուրը հայտնում է, որ նա նույնիսկ բողոքել է ՌԴ ԱԳՆ-ին՝ հավաքների հայ կազմակերպիչների-ցուցարարների դեմ, ասելով, որ դրանք հակառուսական ուժեր են, որոնք աշխատում են Ռուսաստանի դեմ, եւ դա պետք է կանխել։ Այսպես, ռուսների ականջը մտնելով՝ մերոնց դեմ բողոքելով էլ դեսպանը ծառայում է իր շեֆին։ Նա նույնիսկ պաշտոնական գրություն է ուղարկել Մոսկվայի քաղաքապետարան եւ ՌԴ արտգործնախարարություն՝ պահանջելով, որ արգելեն ՌԴ դեսպանատան շենքի մոտ ցույցեր անցկացնելը, նաեւ ուժեղացնեն դեսպանատան վերահսկողությունը, որպեսզի այնտեղ «Զարթնիր, լաո» չերգեն։ Երեկ ակտիվիստները փորձել են փոքր ցույց կազմակերպել հայկական դեսպանատան մոտ, ինչը, սակայն, չի հաջողվել։ Մեր ստացած տեղեկությունը փորձեցինք բանավոր ճշտել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանից, սակայն նրա հետ կապվելը բարդ է։ Գրավոր հարցում ենք ուղարկել՝ պատասխանին ենք սպասում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի զարմիկ, նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով անցած տարվանից Ուկրաինա էր տեղափոխվել եւ բիզնես գործունեությամբ էր զբաղված, ապա պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել էր Գերմանիա, քանի որ մեծ վնասներ էր կրել, տեղեկացանք, որ մշտական բնակություն է հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում:Նա, մեր տեղեկություններով, մոտ տասն օր առաջ կարճ ժամանակով եկել էր Հայաստան, մեկնել Իջեւան, մնացել հայրական տանը, ապա կրկին մեկնել Համբուրգ: Իջեւանից մեր աղբյուրն ասում է, որ նա Համբուրգում զբաղվում է ծաղկի բիզնեսով: Նրա հետ Համբուրգ է մեկնել նաեւ համադասարանցիներից մի քանիսը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր ղեկավարած նախարարությունը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում, ինչը ենթադրում է նաեւ օրենսդրական փոփոխություններ: Արդյունքում Գլխավոր շտաբի պետ է դառնալու Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, այսինքն` ԳՇ պետը սկսելու է ենթարկվել պաշտպանության նախարարին: Ահա սրանով էլ բացատրվում է այն, որ տեւական ժամանակ արդեն այդպես էլ ԳՇ պետ չի նշանակվում, մինչդեռ Պաշտպանության նախարարության կուլիսներում բոլորովին այլ իրականություն են ներկայացնում: Խնդիրն այն է, որ օրվա իշխանությունը սարսափում է ռազմական հեղաշրջման հնարավոր սցենարից կամ առնվազն նրանից, որ ինչ-որ փուլում ինչ-որ կերպ գեներալիտետը կրկին կպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հետեւապես, չկա ԳՇ պետ, չկա այդպիսի սցենարի վտանգ: Իսկ ապագայում, երբ ԳՇ պետը կդառնա ընդամենը Պապիկյանի ենթական, ընդհանրապես՝ բոլոր իշխանական մտահոգությունները կփարատվեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-ին Շվեյցարիա էր մեկնել 12 հոգուց բաղկացած պատվիրակությամբ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցին ի պատասխան, հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից: Մեր հարցման մեջ խնդրել էինք ներկայացնել, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, եւ թե ինչ է տվել մեր պետությանն այս այցը: ՀՀ նախագահի աշխատակազմը չի պատասխանել հարցին, թե որքան գումար է ծախսվել 12-հոգանոց պատվիրակության համար: Պատասխանում միայն ասվում է, որ ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի, «Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչականության ապահովում» միջոցառման, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծրագրի շրջանակում։


Ամենաուշագրավը մեզ տված պատասխանում այն է, որ ՀՀ նախագահի՝ Շվեյցարիա կատարած այցը ֆինանսավորել է նաեւ մի անհատ ձեռներեց «Վահե Մկրտչյան Բաբկենի» ԱՁ-ի միջոցների հաշվին: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ այս ընկերությունը գրանցվել է վերջերս՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին: Թե ով է Վահե Մկրտչյանը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ նախագահի եւ 12-հոգանոց պատվիրակության այցը ՀՀ-ին ինչ տվեց, նախագահականից բացատրել են, որ նախագահն իր բոլոր հանդիպումների ընթացքում ներկայացրել է Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, վերջին տարիների ձեռքբերումները, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը, Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ վերջնական լուծման շուրջ: Նկատեցիք՝ ոչ մի առարկայական արդյունք. զուտ տուրիստական այց՝ նախագահական ատրիբուտներով»:


«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչպես է վերաբերվում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, փողոցային պայքարին եւ իշխանափոխության պահանջին: Պարոն Ղուկասյանը հարցը ամբողջությամբ լսելուց հետո պարզապես անջատեց հեռախոսն ու դարձավ անհասանելի: Այն դեպքում, երբ մինչ հարցը հնչեցնելը, հարցրել ենք, կարելի է երկու հարց, պատասխանել է. «Ասեք»: Թե ինչու է պարոն Ղուկասյանը խուսափում, կարելի է հասկանալ: Նրան ներկա փողոցային շարժան մեջ տեսնողներ չեն եղել: Բայց ահա սիրում է պարբերաբար քննադատել գործող իշխանություններին, որոնց «հեղափոխությանը» լավ էլ մասնակցում էր: Ու ինչո՞վ կբացատրի այս հակասությունը, եթե հաստատի, որ փողոցային պայքարի մեջ ինքը չկա, քանի որ անձնական խնդիրներ ունի, վախենում է: Մնում է չպատասխանելը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես հայտնի է, գրություն էին հղել նախօրեին Հայաստանում ՀԱՊԿ խորհրդի նիստը նախագահող Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ տեղեկացնելով, որ նպատակահարմար չեն համարում մասնակցել այդ նիստին։ Նամակում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների եւ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի ընդդիմության մոտեցումները։ Երեկ ողջ օրը իշխանական շրջանակները եւ լրատվամիջոցները լուրեր էին տարածում, թե Վոլոդինը մերժել է ընդդիմադիրներին։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ իրենք Վոլոդինին ուղղված նամակում ընդամենը «պատրաստակամություն են հայտնել» հանդիպման վերաբերյալ եւ որեւէ պատասխան չեն ստացել, որովհետեւ, պատգամավորի տեղեկություններով, Վոլոդինը նիստից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման ակտիվն ու Արցախի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները նախօրեին, ինչպես հայտնի է, հանդիպել են Երեւանում։ Պաշտոնապես հայտարարվեց, որ քննարկել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: «Քննարկվել են նաեւ Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսեւորումները: Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձեւաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաեւ աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում շարժման ընդլայնման ուղղությամբ»,- հայտարարեցին մասնակիցները: Սակայն, մեր տեղեկություններով, Արցախի եւ Հայաստանի ընդդիմադիր գործիչները մտադիր են առաջիկայում կյանքի կոչել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի գործառույթները, ինչը նշանակում է օրենսդրության, ինչպես նաեւ այլ միջոցառումների սինխրոնիզացում Հայաստանում եւ Արցախում։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո սույն միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում։ Որքան էլ ընդդիմությունն ու արցախցիները ջանքեր գործադրեցին, որ այն ձեւավորվի, ՔՊ-ականները, սակայն, 2021-ի ընտրություններից հետո հանձնաժողովն այդպես էլ չձեւավորեցին եւ այնքան վախեցած են, որ խուսափում են ձեւավորելուց ու նիստեր հրավիրելուց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմադիրները երթով հասան Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ։ «ԵՄ-ն ինչի չի ասում՝ անմիջապես ԵՄ դեսպանատան դիմաց, հարգելի ոստիկաններ, ինչո՞ւ եք նռնակ օգտագործում։ Մենք գրություն ենք բերել այստեղ, որպեսզի փոխանցենք ԵՄ դեսպանին։ Գրությունը վերաբերվում է նրան, որ հունիսի 3-ին անմիջապես ԵՄ դեսպանատան մոտ լուսաձայնային նռնակ է կիրառվել ու արձագանք չկա»,-երեկ ԵՄ գրասենյակի շենքի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Սակայն ԵՄ դեսպանը շարքային քաղաքացիներին ասելիք չունի, նա այսօր «Մարիոթում» իր ասելիքը կուղղի իշխանություններին եւ հավանաբար կողջունի հայաստանյան ժողովրդավարությունը եւ ոստիկանության գործողությունները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները հերթական սորոսական հավաքն են նախաձեռնել։ Այսօր «Մարիոթում մեկնարկելու է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպում է ԵԽ-ն: Ելույթ են ունենալու իշխանությունների սրտի ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Կարեն Անդրեասյանը, ՀՀ իշխանությունների հովանավորը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյաներ, Լիտվայի ՍԴ նախագահը, եւրոպացի այլ պատվիրակներ։ Ներկա են լինելու արեւմտյան դեսպանները, մեծ թվով սորոսականներ, Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ այլք, հիմնականում՝ իշխանական դեմքեր։ Ով ասես՝ հրավիրված է, բայց հրավիրված չէ ընդդիմությունը, եւ ամենաուշագրավը՝ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը կամ Փաստաբանների դպրոցի ղեկավար, նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ Միջոցառումը փակ է լրագրողների համար։ Այսինքն՝«ժողովրդավարության հայկական ֆորումի» համը բերաններում է մնացել՝ որոշել են կրկնել։ Սորոսական ու թուրք-ադրբեջանական խաղաղության ջատագովներով հավաքվել քննարկել, Նիկոլ Փաշինյանին աջակցություն բեմականացնել։ Չի բացառվում, որ ընդդիմությունն էլ նույն սցենարով շրջափակի «Մարիոթը» եւ փորձի վայ- ժողովրդավարներին խանգարել՝ հիշեցնելով դատական համակարգի դեմ նախկին ասպատակությունները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում, ՀՀ քննչական կոմիտեում եւ այլ ուժային կառույցներում քննիչների զգալի մասը սկսել է աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Իսկ ո՞րն է պատճառը։ Մենք տեղեկացանք, որ նրանց՝ դիմում գրելու պատճառն այլ աշխատանքի անցնելու ցանկությունն է։ Մասնավորապես, նրանցից շատերն ազատվելու դիմում են գրում, որպեսզի գնան Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատելու: Ավելին՝ մարզային եւ վարչական շրջանների քննչական բաժինների պետերը եւ ոստիկանապետերն արդեն դիմել են, քննություն հանձնել, որպեսզի առավել բարձր աշխատավարձով Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնեն: Ասել է թե՝ ուժային կառույցներից համատարած արտահոսք է սկսվել դեպի Հակակոռուպցիոն կոմիտե, եւ մյուս ուժային կառույցների ղեկավարները չգիտեն, թե թափուր մնացած աշխատատեղերը ինչպես համալրեն. մասնագետների սով է պետական համակարգում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ մեր երկրում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը 2 մլն 963 հազար 900 մարդ էր: Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է` տարբեր տեղաշարժերի հաշվին։ Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 100, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 264 հազար 700 մարդ: Արարատի մարզում եւս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 256 հազար 700-ից հասնելով 257 հազարի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 500-ից դարձել է 124 հազար 700 մարդ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 400-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երեւանում 400-ով: Եթե նախորդ տարվա ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 93 հազար 600, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 93 հազար 200 մարդ: Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում: Միայն սահմանամերձ Սյունիքում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 700-ով: Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում բնակչության թվաքանակը պահպանվել է (251 հազար 400 մարդ)»: