ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը:
Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի եւ Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ:
Երկուստեք արձանագրվել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխանող պատշաճ մակարդակով նախատեսված միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել անցած տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական, դաշնակցային փոխգործակցության շուրջ: Հատկապես կարեւորվել են ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային լայն բազայի հետեւողական կատարելագործումը, առեւտրատնտեսական, միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում հաջող գործընկերությունը:
Զրույցի ընթացքում ռազմավարական հարաբերությունների շատ կարեւոր բաղադրիչ է դիտվել խորհրդարանական երկկողմ ձեւաչափը, ինչը նպաստում է համատեղ ակտիվ եւ կառուցողական աշխատանքին:
ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը հիշեցրել է, որ հայկական կողմը նախատեսում է հրատարակել «Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցություն 1992-2021 թթ.» փաստաթղթերի ժողովածուն:
Վյաչեսլավ Վոլոդինի համոզմամբ՝ միջխորհրդարանական ձեւաչափը լավագույն հարթակն է մի շարք ոլորտների համատեղ օրենսդրական կարգավորման, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը գոհունակություն է հայտնել, որ համավարակից հետո հնարավորություն է ընձեռվել հրաժեշտ տալ առցանց շփումներին եւ հանդիպել ավանդական եղանակով ու քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ եւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների եւ այլ միջազգային հարթակներում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակի վերաբերյալ:
Կարեւորվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պրոֆիլային մշտական հանձնաժողովների եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի եւ Դաշնության խորհրդի մշտական հանձնաժողովների պարբերական համատեղ նիստերի անցկացման արդեն ավանդական դարձած պրակտիկան:
Գործընկերները քննարկել են այսօր տեղի ունենալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի որոշ մանրամասներ՝ հույս հայտնելով, որ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստն իր ներդրումը կունենա եւ նոր լիցք կհաղորդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով սպասում է Հայաստանում, տեղեկացնում են ԱԺ-ից։