Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի՝ որպես Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Կողմերի 26-րդ կոնֆերանսի նախագահող երկրի, տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանին և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին:
Փոխվարչապետ Մաթևոսյանը ներկայացրել է կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային պայքարին միացած Հայաստանի Հանրապետության գործողություններն ու միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել է առաջիկա գործողությունների պլանին՝ ընդգծելով, որ տնտեսության «կանաչ վերականգնումը» խրախուսելու նպատակով էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է մինչև 2030թ․ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը հասցնել 15%-ի։ «Այս տեսանկյունից Կառավարության առաջնահերթություններից է նաև կանաչ և կայուն կենսակերպի խթանումը և անցումը էլեկտրական շարժունակությանը»,- տեղեկացրել է փոխվարչապետը։
Դեսպան Դեյվիդ Մորանը բարձր է գնահատել համաշխարհային պայքարին միացած Հայաստանի ջանքերը և ընդգծել, որ Հայաստանի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդն իր ձևաչափով և ներառականությամբ լավագույն օրինակներից է։
Հանդիպմանը հաջորդել է Խորհրդի նիստը։
Դիմելով ներկաներին՝ փոխվարչապետը նշել է, որ կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, և որևէ առանձին պետություն չի կարող դրան միայնակ դիմակայել՝ այդ համատեքստում կարևորելով ուժերի և ջանքերի մեկտեղումը։ «Հայաստանը անհրաժեշտ է համարում համաշխարհային միասնական արձագանք ցուցաբերել կլիմայի փոփոխության մարտահրավերներին և վերահաստատում է դեպի ցածր ածխածնային տնտեսության անցման հանձնառությունը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը և վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ և բավականաչափ ներուժ՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու և այդ համալիր ծրագրի բոլոր ուղղություններով տեսանելի ապագայում լուրջ արդյունքներ արձանագրելու համար։
Փոխվարչապետի, դեսպան Դեյվիդ Մորանի և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ողջույնի խոսքերին հաջորդել է օրակարգային հարցերի քննարկումը։ Մասնավորապես ներկայացվել են Կոնվենցիայի ներքո միջազգային աջակցության շրջանակներում տեղի ունեցող գործընթացները, «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ծրագիրը, Հայաստանում կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ «Գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի» հետազոտության արդյունքները, անդրադարձ է կատարվել նաև ֆիսկալ որոշումների կայացման գործընթացում կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումների ինտեգրմանը։
Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլին Կառավարությունը հաստատել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայից և Փարիզյան համաձայնագրից բխող՝ ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2021-2030թթ․ համար՝ սահմանելով մի շարք հավակնոտ թիրախներ, որոնց իրականացման համար կարևոր դերակատարում ունի այդ գործողությունները համակարգող միջգերատեսչական խորհուրդը: Դրանց շարքում են՝ մինչև 2030թ-ը 1990թ-ի նկատմամբ ջերմոցային գազերի արտանետումների 40%-ով նվազեցումը, Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացումը, զանգվածային անտառապատումը և այլն: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման քաղաքականություն։
Այս նպատակով Կառավարությունը 2021թ․-ի մայիսին հաստատել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025թթ․ միջոցառումների ցանկը, որոնք միտված են բացահայտելու, լուծելու ու վերանայելու հարմարվողականության փոփոխվող կարիքները՝ նպաստելով հարմարվողականության բաղադրիչի ներառմանը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ոլորտային քաղաքականությունների մշակման և ֆինանսական պլանավորման գործընթացներում։