25.11.2024
ԱԽ քարտուղարը հերքել է ներքաղաքական կայունության հարցում ՀԱՊԿ-ին դիմելու մասին լուրը
prev Նախորդ նորություն

«Երկկենցաղ» արտաքին քաղաքականությունը ՀՀ-ն դարձնում է գլոբալ բախումների կենտրոն. Պողոսյան

Աշխարհաքաղաքական բախումների էպիկենտրոն դառնալը մահացու վտանգ է Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ ներկա իշխանությունների վարած «երկկենցաղ» արտաքին քաղաքականությունը Հայաստանը դարձնում է գլոբալ բախումների ևս մեկ կենտրոն իր բոլոր բացասական հետևանքներով։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:


"Երեկ ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ բախման պատրաստակամության արտահայտում: Իսկ եթե սրան էլ հավելենք ՀՀ–ում ՌԴ դեսպանատան հայտարարությունը՝ կապված հատկապես բիոլաբորատորիաների հետ, ապա ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնա։


Հաշվի առնենք, որ խոսքը երկու բացահայտ հակամարտող աշխարհաքաղաքական բևեռների մասին է։ Ընդ որում՝ հավանաբար իշխանություն պահելու մոլուցքով տառապող իշխանությունները քաջալերեն արևմտյան գործընկերների ակտիվ միջամտությունը ՀՀ ներքաղաքական գործընթացներին, իսկ մյուս կողմից էլ փորձեն աջակցություն ստանալ ՌԴ–ից՝ ներքաղաքական սրացումները ուժային մեթոդներով լուծելու համար։ Իսկ մյուս կողմից կա Արցախի հիմնախնդիր և հայ–ադրբեջանական, հայ–թուրքական հայտնի գործընթացներ, որոնք ստեղծված իրավիճակում կարող են դառնալ հակահայաստանյան հստակ և համակարգված պլատֆորմներ՝ ՀՀ–ի այլևս չնչին արժեք ներկայացնող իշխանություններից ստանալով այնքան զիջումներ, որպիսի պայմաններում Հայաստան պետության կենսունակությունը կհավասարվի 0–ական մակարդակի։

Ստեղծվել է Հայաստանի համար գերբարդ իրավիճակ, որից հնարավոր է դուրս գալ միայն և միայն ազգային համերաշխության միջոցով",- գրել է քաղաքագետը: