25.11.2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է արել փոխել Հայաստանում ԱՄՆ դեսպանին
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարը հերքել է ներքաղաքական կայունության հարցում ՀԱՊԿ-ին դիմելու մասին լուրը

Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում, և բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է:


Այդ մասին կառավարության մայիսի 19-ի նիստից հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը`հերքելով շրջանառվող տեղեկությունները, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա վերջին այցի շրջանակում ՀԱՊԿ առաջնորդներից աջակցություն է խնդրել՝ Հայաստանում ընդդիմության ցույցերի, անհնազանդության ակցիաների հետ կապված:


Գրիգորյանի խոսքով, վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում ապավինում է հայ ժողովրդի կամքին: «Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծած լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին, և ճգնաժամին լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում», - ասել է Գրիգորյանն ու հավելել, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը:


«Ցույցերի կազմակերպիչներն ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը, իսկ օրենքի և օրինականության շրջանակներում դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը: Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,-ասաց Գրիգորյանը:


Մայիսի 19-ի վաղ առավոտից Երևանում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։


Մայրաքաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները փակում են փողոցները։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթեւեկությունը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:


Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։


Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։