27.11.2024
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Ատեստավորում անցած ուսուցչի աշխատավարձը կարող է դառնալ մինչև 400 հազար դրամ

Կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը 108-125 հազար դրամի փոխարեն կդառնա 200 հազար դրամ: Նման որոշում այսօր` ապրիլի 28-ին, ընդունեց կառվարությունը:


ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ 2021 թվականին առաջին անգամ իրագործվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը 7 առարկաների գծով՝ 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: «Արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30-50 տոկոսով՝ կախված ատեստավորման ընթացքում ցուցաբերած արդյունքից», - ասաց նա` հավելելով, որ կառավարության քաղաքականություն է բարձրացնել կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը:


«Նույնիսկ 50 տոկոս ավելացման պարագայում, եթե ուսուցչի միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացումը ևս չէր ապահովում մրցակցային և գրավիչ աշխատավարձ ունենալու փաստը: Առաջացավ դրույքաչափի փոփոխության գաղափարը», - ասաց նախարարը:


Նախարարի խոսքով, մարտի 3-ին ԱԺ-ում կատարված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությամբ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դառնում է 200 հազար դրամ: «Բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան 30-50 տոկոս հավելավճար: Տեսականորեն և պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ»,- ասաց ԿԳՄՍ նախարար Դումանյանը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կրթության ոլորտի բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են` նշելով, որ ցանկացած խնդիր, որի հետ «առնչվում ենք, վերաբերում է կրթության ոլորտին»:


«Դրա համար կրթությունը մեզ համար հարցերի հարցն է: Կա կրթություն, և կան մնացած բոլոր հարցերը: Լրջագույն խնդիր ունենք, դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանը նաև ընդգծեց, որ կամավոր ատեստավորմանը մասնակցած նույն ուսուցիչները կարող են կրկին մասնակցել ատեստավորմանը:


«Ուսուցիչներին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ այս հնարավորությունը տալու ենք, բայց որևէ պահի ատեստավորում անցած ուսուցիչն ուղղակի չի աշխատելու: Ուզում եմ, որ բոլորն արձանագրեն այս ուղերձը: Կառավարությունը կամ նախարարությունը չի որոշելու՝ տվյալ ուսուցիչն աշխատում է դպրոցում, թե չի աշխատում: Տվյալ ուսուցիչն ինքն է որոշելու՝ աշխատո՞ւմ է դպրոցում, թե՞ ոչ»,-ասաց Փաշինյանը: