26.11.2024
Բավրա գյուղից հյուսիս-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ
prev Նախորդ նորություն

Սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները. Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում իր ելույթում խոսեց Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյուննքերի մասին` նշելով, որ այն բանակցություններում անդրադարձ է եղել նաև ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի:


«Բնականաբար, քննարկում եղավ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ: Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»,-ասել է վարչապետը:


Նրա խոսքով, հայկական կողմն ակնկալում է, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: «Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը»,  -ասել է նա` հավելելով, որ այդ մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում:


Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի բովանդակությանը՝ Փաշինյանը նշեց. «Մեզ համար սկզբունքային նշանակութուն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու նրանց իրավունքների, ազատությունների պաշտպանությունը, նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»։ Փաշինյանն ասել է, որ այս կետերը ընդգրկված են եղել Ադրբեջանին նախկինում հասցեագրված հայկական կողմի պատասխանում, և դրանք պիտի դառնան բանակցությունների առարկա։


Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողով ստեղծելու աշխատանքների մասին խոսելով՝ Փաշինյանը շեշտել է՝ հանձնաժողովն ունենալու է նաև երկրորդ մանդատը՝ սահմանին անվտանգության ու կայունության ապահովումը։


«ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և կան ադրբեջանական տարածքներ, որ ՀՀ վերահսկողության ներքո են։ Այս հարցերը պիտի լուծվեն դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»,- ասլե է Փաշինյանը։ Այս հարցով աջակցության պատրաստակամություն է հայտնել ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրամիությունը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս հարցով կան տարընթերցումներ․ բանակցությունները շարունակվելու են։


Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գերիների և այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտության թեման։