Երասխում զորքերի հայելային հեռացումը կարող է կրկնվել Փարուխ գյուղում. պատգամավոր
Երասխի շրջանից զորքերի հայելային դուրսբերումը կարող է հանգեցնել նույն իրավիճակին, որը ստեղծվել է արցախյան Փարուխ գյուղում: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով Երասխի շրջանից զորքերը հայելային դուրս բերելու մասին վարչապետի հնչեցրած առաջարկի մասին։
Նա Հայաստանի ներկայիս իշխանություններին խորհուրդ է տվել ուշադիր դիտարկել իրենց քայլերը և հաշվի նստել թուրքերի ու ադրբեջանցիների խորամանկության հետ։ Օհանյանը նշեց, որ արցախյան առաջին պատերազմը պետք է շատ բան սովորեցներ Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, քանի որ ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմը նույնպես հաճախ էր հրադադար խնդրում՝ օգտագործելով այն իր ուժերը համալրելու և նորից հարձակվելու համար։