Խրամորթը պատրաստվում է ինքնապաշտպանության. կամավորներ են մեկնում գյուղ
Խրամորթը պատրաստվում է ինքնապաշտպանության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը.
"Ստեփանակերտից կամավորները գալիս են կանգնելու գյուղացիների կողքին:
Այս պահին ադրբեջանական զինված ուժերի հսկողությն տակ է անցել Փարուխ գյուղը: Ըստ խրամորթցիների, հիմա ադրբեջանցիները փորձում են վերցնել Քարագլուխ կոչվող բարձունքը, որն նմիջապես գյուղի հարևանությամբ է",- գրել է Ղահրամանյանը:
Ավելի վաղը Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:
"Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները":
Նշենք նաև, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:
Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: