Արցախի ՄԻՊ-ն ու Թագուհի Թովմասյանը քննարկել են Ադրբեջանի հանցավոր գործողությունները
Մարտի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում մարդու իրավունքների պաշպանությանն առնչվող թեմաներ, մասնավորապես անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողից Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներին և ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հանցավոր գործողություններին։ Հատուկ ընդգծվել է իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրման և միջազգային կառույցներում դրանք ներկայացնելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ միջազգային կառույցներից հստակ ու հասցեական արձագանք պահանջելու կարևորությունը և այդ ուղղությամբ առավել ակտիվ ջանքեր ներդնելու անհրաժեշտությունը։
Բարձր գնահատելով ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ ձևավորված համագործակցությունը՝ Պաշտպանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության ՄԻՊ հաստատությունը պատրաստական ու շահագրգիռ է աշխատելու բոլոր կառույցների և կազմակերպությունների հետ միջազգային մեկուսացումից բխող խոչընդոտները հաղթահարելու և Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության հետագա ծրագրերին։