24.11.2024
ՀՀ նախագահն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությունը
prev Նախորդ նորություն

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Իշխան Սաղաթելյանն Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, ողջունելով հյուրերին` Իշխան Սաղաթելյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները:


«Ֆրանսիան Եվրոպայում Հայաստանի ամենակարեւոր եւ բարեկամ երկրներից է: Մենք մշտապես տեսել ենք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, եւ շահագրգռված ենք զարգացնելու երկկողմ հարաբերությունները»-, ընդգծել է ԱԺ փոխնախագահը:


Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակն ու խնդիրները` նշելով, որ թե’ Հայաստանը, թե’ Արցախն այս պահին լրջագույն անվտանգության խնդիրներ ունեն: Հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը, ագրեսիան եւ Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը դեռեւս նախորդ տարի երկու ուղղությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ շարունակում են մնալ այնտեղ:


Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին եւ դրա շուրջ ընթացող գործընթացներին` Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ օրեր առաջ Արցախում ադրբեջանական կողմից պայթեցրել են գազատարը` շուրջ 100 հազար արցախցիներին կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ: Սրան գումարվում են նաեւ բնակիչներին ուղղված տարատեսակ սպառնալիքները` լքելու գյուղերը: «Մեծապես կարեւորում ենք միջազգային հանրության արձագանքն ու հստակ գնահատականը կատարվողին: Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- շեշտել է ԱԺ փոխնախագահը` հավելելով, որ այս ձեւաչափը պետք է կարողանալ պահպանել` հակառակ Ադրբեջանի ցանկության:


«Մեր դիրքորոշումն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:


Դեսպանը հետաքրքրվել է իշխանությունների հետ ընդդիմության հարաբերություններով, ընդդիմության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու չառաջադրելու, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցերով, հայ-թուրքական հարբերություններով եւ այլն:


Իր հերթին դեսպան Անն Լույոն ընդգծել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները, կարեւորել խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումները: Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին:


Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին` Անն Լույոն հավաստիացրել է, որ Ֆրանսիան իր դիրքորոշումները պահպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որպեսզի կարողանա օգնել երկու կողմերին` հաստատելու խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում: