Հայաստանում փետրվարի 24-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում ԱՁ է հաշվառել Ռուսաստանի Դաշնության 938 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 268 ՍՊԸ, որոնցում առկա է իրավաբանական կամ ֆիզիկական անձ ՌԴ քաղաքացի։
Նրանց մեծ մասը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը:
«Գրանցման պահին որպես տնտեսական գործունեության դասակարգիչ ԱՁ-ների և ՍՊԸ-ների ճնշող մեծամասնությունն ընտրել է ՏՏ և ծրագրային մշակումների դասակարգիչը»,- մանրամասնեց Մկրտչյանը։
Հայաստանում աշխատանք սկսող ՌԴ քաղաքացիները, սակայն, որոշ իրավական խնդիրների են բախվում, որոնք հաղթահարելու համար կարիք է լինում իրավաբանական խորհրդատվության: Իրավաբան Լիլիթ Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ խնդիրների են բախվում ՌԴ քաղաքացիները և ինչ հարցերով են դիմում իրավաբանի օգնությանը: «Հիմնական հարցերի շարքում են, թե ինչպես ընկերություն գրանցել, ինչպես ԱՁ հաշառվել, ստանալ կացության կարգավիճակ, արդյոք աշխատանքային թույլտվություն է պետք, ինչպես են կատարվում այդ գործընթացները, հարկերին վերաբերող հարցեր են հաճախ հնչում, ամենատարածված հարցն է՝ Հայաստանում ինչպես բիզնես սկսել»,- նշեց նա։
Կարապետյանը վստահեցրեց, որ Հայաստանում ընկերություն գրանցելու և բիզնես սկսելու համար բավականին հեշտացված տարբերակներ կան։ Այս մասին, նրա պնդմամբ, հասարակությանը պատշաճ ձևով չի տեղեկացվում։
«Իր ընկերությունը Հայաստան տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա Հայաստան, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր ու կկարողանա ընդամենը կես ժամում իր ընկերությունը գրանցել»,- նշեց նա։
Իրավաբանի կարծիքով՝ պետական միջամտության կարիք ևս կա։ Նրա խոսքով՝ չկան թեժ գծեր, հատուկ հարթակներ, որտեղ օտարերկրացիները կկարողանան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։