23.11.2024
Հարկային օրենսգրքում փոփոխությունները դրական կազդեն բիզնես միջավայրի վրա. Արման Պողոսյան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը նվազեցնում է կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մարտի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից:


Նախարարը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ձեւավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները բարձրաձայնել են հողամասերի ընդլայնման խնդիրը:


Առաջարկվում է վերացնել օրենսգրքի՝ պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքին առնչվող սահմանափակումը, որը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար:


Ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելն անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որեւէ շինություն, իսկ հողամասի ընդլայնման նպատակով հողամաս կարող է տրամադրվել միայն մեկ անգամ:


Նախագծով առաջարկվում է հանել նշված երկու սահմանափակումները, քանի որ դրանք արհեստական խոչընդոտ են ստեղծում կառուցապատողների համար: Վերջիններս հաճախ ստիպված են լինում որեւէ շինություն կառուցել հողամասի վրա՝ կատարելով ձեւական պահանջը:


Վահան Քերոբյանի համոզմամբ՝ նախագծի ընդունումը կնպաստի կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտների նվազեցմանը եւ գործարար միջավայրի բարելավմանը:


Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Կիրակոսյանը: