Ռուս խաղաղապահները ամանորյա նվերներ են հանձնել Արցախի շուրջ 1000 երեխայի
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ մարդասիրական ակցիա են անցկացրել և գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել Արցախի Մարտակերտի շրջանի մոտ 1000 դպրոցականի, որոնք ապրում են սահմանագծի մոտակայքում։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Խաղաղապահների զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը հայտնել է, որ երեխաները ստացել են նվերներ, խաղալիքներ: Նշվում է, որ տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կիրականացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիա և նվերներ կհանձնեն Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից շուրջ 8000 երեխայի:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվայից Երևան է հասցվել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար նախատեսված մարդասիրական բեռների հերթական խմբաքանակը։ Մոտ 20 տոննա կշռող մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և բեռնվել Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում գտնվող ռազմական ինքնաթիռ։ Այնուհետև, Երևանից բեռները խաղաղապահների միջոցով հասցվել են Լեռնային Ղարաբաղ։