24.12.2024
Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների․ ՄԱՄՈՒԼ
29.05.2024
Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ի վերին օղակներում քննարկվում է իշխանության «պահապան» խմբեր ստեղծելու եւ սրբազանի առաջնորդած շարժման աջակիցների դեմ սադրանքներ ու հակընդդեմ գործողություններ իրականացնելու հարցը, եթե, իհարկե, առաջիկայում շարժումը նոր թափ հավաքի։ Այնպես, ինչպես արեցին 2020-ի նոյեմբերին` «Հեղափոխության պահապանների» խումբը զինելով եւ դաչաներում բնակեցնելով, մինչեւ պայքարի ալիքը մարեց, եւ վտանգները չեզոքացվեցին: Ճիշտ է, Փաշինյանը վերջին 3-4 տարում բազմապատկել է ոստիկանությունն ու նրանց աշխատավարձերը, սակայն նրան չեն բավարարում ոստիկանական ներքին զորքերի բարբարոսությունները` ուզում է ցույց տալ, որ ինքը հանրային աջակիցներ էլ ունի։ Պատահական չէ, որ նախօրեին ՔՊ-ական պատգամավոր, նախկին գայիշնիկ Արմեն Խաչատրյանն ակնարկեց՝ խոսելով քաղաքացիական բախումների մասին։ «Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճն իրական ռիսկեր է ստեղծում նաեւ քաղաքացիական բախումների համար։ Չի կարելի փորձության ենթարկել մեր քաղաքացիների համբերությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր նա։ «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից․ երեկ, երբ ՔՊ-ական վերնախավը գաղտագողի, ոստիկանների ուղեկցությամբ արշավում էր դեպի Սարդարապատի հուշահամալիր, Տիգրան Ավինյանն անկաշկանդ շրջում էր Ապարանի փողոցներով` բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ թեւանցուկ: Ապարանում, իհարկե, ամեն տարի են Հանրապետության օրը նշել` Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված համալիրի տարածքում տոնական միջոցառում ու հյուրասիրություն կազմակերպելով, բայց նախորդ տարիներին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն էր անողը, եւ Լֆիկը բոլորովին այլ կազմի հետ էր նշում` նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի ու նրա եղբոր, Նապոլեոն Ազիզյանի, Վրեժ Մարկոսյանի, Վահրամ Մարտիրոսյանի եւ այլ ՀՀԿ-ականների։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր քաղաքական առումով թեժ օր է սպասվում: Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները կգնան խորհրդարան՝ դրանց մասնակցելու: Ազգային Ժողովում այսօր լինելու են Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԵ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։ Այսօր ընդդիմությունն է վաղ առավոտից վերսկսելու անհնազանդության ակցիաները: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանը 08:00-ից իր աջակիցներին հրավիրել է Սուրբ Աննա եկեղեցի: Չի բացառվում, որ ընդդիմադիրները եւ նրանց աջակիցները նաեւ ԱԺ շենք գնան՝ այնտեղ եւս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու»։ «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Լոռու մարզպետը եւ մարզպետարանը մարզից կամավորներ են հավաքագրում, որ ուղարկեն աղետի գոտի` աշխատելու: Մարզպետը հանդիպել է բուհերի եւ դպրոցների ղեկավարների հետ` հրահանգել, որ կամավորներ հավաքագրեն: Եվ չնայած անունը «կամավոր» է, իրականում ստիպողաբար են հավաքագրում, հատկապես նրանց, ովքեր միանում են երթերին ու ակցիաներին: Մեր տեղեկություններով, ռեկտորներն ու տնօրեններն էլ սպառնալով` պարտադրում են իրենց աշխատողներին: Ասում են, որ փրկարար ծառայությունը չի հասցնում աշխատանքը կազմակերպել, իսկ գետի հունը, հավաքված տիղմը մաքրելու, տարբեր աշխատանքներ անելու համար մարդուժ է հարկավոր: Հավաքագրումը համակարգող մարզպետարանի աշխատակից Մարինե Նահապետյանը մեզ հետ զրույցում ասաց` կամավոր է հավաքագրումը. «Մենք ընդամենը տնօրեններին ասել ենք, որ եթե կան մարդիկ, ովքեր կամավորական սկզբունքներով ցանկություն ունեն օգնելու, օժանդակելո, կարող են դիմել մեզ»: Իսկ Լոռվա մարզից մարդիկ բողոքում են, թե ինչու այդ աշխատանքներին չեն ներգրավում այն հազարավոր ոստիկաններին, որոնց պետությունը բարձր աշխատավարձ է տալիս, սակայն հանցագործությունները երկրում աճում են, եւ հասկանալի չէ, թե նրանք ինչով են զբաղված, բացի ցույցերը ցրելուց: «Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության տոնի առիթով Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է բացառապես հող հանձնողներին ու նրանց աջակիցներին։ ՊՆ եւ ՆԳՆ բոլոր պաշտոնյաները, որոնք կոչումներ ստացան, երեւացող եւ չերեւացող ձեւերով ներգրավված են եղել հայրենավաճառության գործընթացին։ Դիցուք՝ Տավուշի դիրքերը պաշտպանող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանն առանց դիմադրության հանձնեց դիրքերն Ադրբեջանին: Մենք ժամանակին գրել էինք, որ հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելու դեպքում Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, ինչը եւ երեկ արվեց: ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Պետրոսյանը, ով այն պաշտոնյան է, որ Կիրանցում` առանց պետհամարանիշների մեքենայում արգելափակված, բերետավորների պաշտպանությամբ, ճեղքեց փակ ճանապարհը՝ իջնելով հանձնվող դիրքերից: Ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով համակարգում եւ հրահանգում է ոստիկանական ջարդարարների գործողությունները: Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ով ոստիկանության «բարեփոխումների» արդյունքում ղեկավարում է Փրկարար ծառայությունը, սակայն որպես նախկին ոստիկան՝ իրականում ակտիվորեն ներգրավված է հակաիշխանական ցույցերը ճնշող ՆԳ օպերատիվ շտաբի աշխատանքներին եւ աչքի է ընկնում ցուցարարների նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելու մոտեցմամբ։ Այս բոլոր մարդկանց ծառայությունները Նիկոլ Փաշինյանը «բարձր» գնահատականի արժանացրեց»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում տեղի ունեցող արտաքին քաղաքական փոփոխությունների ֆոնին իշխանական պատգամավորները արտգործնախարար Արարատ Միրզոյանին կանչել են ԱԺ: ՔՊ-ականների եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին՝ փակ ֆորմատով: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ դեռ ապրիլին ԱԺ-ում նախատեսված էր հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. սակայն, հանդիպումը չի կայացել: Արարատ Միրզոյանը պատճառաբանել է, թե առաջիկայում կարեւոր արտագնա այցեր ունի: Կարճ ասած՝ խմբակցության հետ «թիթեռ» նկարելու ժամանակ չունի»։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ամենաչքաղաքականացված՝ երաժշտական բնագավառում փոխնախարարը քաղաքական քարոզչություն է արել: Միջոցառման մասնակիցներից ահազանգեցին, թե ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ատելություն է սերմանում հանրության շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանն օրերս հրավիրված է եղել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կազմակերպած միջոցառմանը: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցած տոնական միջոցառմանն իր պաշտոնական ելույթի ժամանակ փոխնախարարը պահը բաց չի թողել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը փնովելու համար: Հիշեցնենք, որ փոխնախարար Դանիելյանը 1990-ից 1994 թվականներին ևս սովորել է հենց այդ ուսումնարանում, այնուհետև ուսանել և աշխատել է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Լիոնի Օպերետային թատրոնի արտիստ է, անցած տարի է հայրենադարձվել և օգոստոսի 24-ին միանգամից նշանակվել փոխնախարար: Եվ ահա, հայրենիքը «հեռվից սիրած» արտիստը, այսօր իրեն իրավունք է վերապահել դիմելու դահլիճում հավաքված ծնողներին, դասախոսներին․ իսկ ուսանողներին պատգամել է, թե «ձեր գործն է ճիշտ և արդար, ո՛չ թե փողոց փակողներինը»: Ըստ ամենայնի, փոխնախարարը տեղյակ չէ, որ ներկա կառավարության անդամները հենց այդպես՝ փողոց փակելով ու փողոցից էլ իշխանության են եկել։ Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց փոխնախարարից անձամբ պարզաբանումներ ստանալ. «Նախևառաջ՝ ես այդպես չեմ ասել, այլ կարծում եմ՝ շատ ավելի բովանդակալից․․․ Երկրորդ՝ խնդրում եմ դիմել մեր լրատվականին հարցազրույցի համար․ ես, իհարկե, սիրով կմանրամասնեմ իմ հնչեցրած միտքը»: Հարցազրույց, իհարկե, կկազմակերպենք և կլսենք փոխնախարարի մանրամասն պարզաբանումները, բայց մինչ այդ արձանագրենք, որ պաշտոնի բերումով քաղաքական այլախոհների նկատմամբ ատելություն սերմանելը ոչ միայն գեղեցիկ չէ, օրինակելի չէ, այլև օրինական չէ: Ստացվում է՝ տասնյակ տարիներ Ֆրանսիայում ապրելը ոչինչ չի տվել Դանիելյանին. Ֆրանսիայում մարդու իրավունքները, կարծիքի արտահայտումը, անհնազանդության խաղաղ ակցիաները, այդ թվում՝ և փողոց փակելով, չի դիտարկվի հակամշակութային կամ մերժելի երևույթ: Ի դեպ, միջոցառման ներկաներից շատերին դուր չի եկել փոխնախարարի խոսքը, որոնցից շատերն էլ ահազանգեցին մեզ տեղի ունեցածի մասին»։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 9-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իր գործողություններն իրականացնում է Երևանում, և հենց այդ օրվանից մայրաքաղաքում ՀՀ ներքին գործերի նախարարությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Ծառայության արդյունքում ակտիվ անհնազանդությունների, ակցիաների ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներից բերման են ենթարկվել օրական 150-250 անձ։ Նկատելի է, որ կարմիր և սև բերետավորները, ոստիկանության զորքերը հաճախ ավելի շատ են, քան հենց ցուցարարները, որոնց անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում հենց իրավապահ համակարգի ներկայացուցիչները։ Իսկ ի՞նչ արժե ոստիկանության զորքերը հրապարակ բերելը։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներց տեղեկացավ, որ ներքին գործերի նախարարությունը մայիս ամսվա ընթացքում «ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին» ծառայության համար վճարել է 16 մլն 868 հազար դրամ գումար։ Առաջին պայմանագիրը, որը կնքվել է մայիսի 15-ին կատարվել է գնման եղանակով և կազմել է 6 մլն 868 հազար դրամ։ Պայմանագրում հստակ սահմանվում է, որ ՀՀ ոստիկանության զորքերը, ի դեմս ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Հայկ Բաբայանի՝ պայմանագիր է կնքել «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի հետ։ Հիշեցնենք, որ երեկ Առաջին հանրապետությանը նվիրված միջոցառման շրջանակում Բաբայանը ստացավ գեներալի կոչում, ըստ երևույթին՝ ցուցարարների, նաև լրագրողների հանդեպ բիրտ ուժ կիրառելու համար։ Ստացվում է, այս մասով Փաշինյանի հրամանները կատարված են ըստ հրահանգի։ Հաջորդ պայմանագիրը, որը կնքվել է կրկին նույն ընկերության հետ, այս անգամ հրատապ մեկ անձից գնման եղանակով է իրականացվել հենց մայիսի 23-ին։ «Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին» ծառայության համար վճարվել է 10 մլն դրամ։ Սույն պայմանագրով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերը պիտի Երևանի կենտրոն բերվեն հետևյալ զորամասերից՝ քաղաք Երևան, Բագրատունյաց 6-րդ նրբանցք, քաղաք Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, քաղաք Երևան, Ծովակալ Իսակովի 25 և Արմավիրի մարզ ՀԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայան) տարածքի զորամասերից։ Նշված պայմանագրով նախատեսված է 10 մեքենա, յուրաքանչյուրի արժեքը՝ 1 մլն 105 հազարից մինչև 1 մլն 110 հազար դրամ։ Հրապարակում հաճախ հանդիպող ոստիկանական միկրոավտոբուսների 1 ժամը, ըստ պայմանագրի, արժե 5-7 հազար դրամ, 1 կիլոմետրը 350 դրամ․ այն կարող է տեղափոխել 15-20 մարդ։ «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի տրամադրած ավտոբուսները, որոնք տեղափոխում են 25-35 մարդ 1 ժամի համար վճարվում են 6-8 հազար դրամ, 1 կիլոմետի համար՝ 500 դրամ, իսկ 35-50 և ավելի անձ տեղափոխող ավտոբուսները 1 ժամի համար վճարվում են 10-11 հազար դրամ՝ 1 կիլոմետրի համար՝ 650-700 դրամ։ Ստացվում է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը և անհնազանդության ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆինանսապես»։