Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան կարծես նոր հանձնարարություն է ստացել «կատարելագործել» Հայաստանի և Արցախի պատմությունը կեղծելու գործընթացը՝ հայերի դեմ նոր ցեղասպանությունն արդարացնելու և տարածքների բռնագրավման հիմնավորման նպատակով։ Այս մասին գրում է ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը: "Հայկական տարածքները և էթնոցիդը, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի հեռացումն Արցախի և Հայաստանի Հանրապետություններից` դարձել են Ադրբեջանի ռազմավարական հաջորդ թիրախները: Դա փորձելու են անել նաև հայ ժողովրդի պատմության տոտալ կեղծումներով: ԳԱԱ նախագահության նիստում Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ «...Արևմտյան Ադրբեջան (ի նկատի ունի Հայաստանը) վերադառնալու հայեցակարգն արտացոլում է անկախ Ադրբեջանի Հանրապետության ռազմավարությունը։ Այս հայեցակարգը «խաղաղության հայեցակարգ» է, իսկ Ադրբեջանի պնդումները բացառապես «մշակութային» են։ Այս հայեցակարգը կլինի այսպես կոչված «Մեծ վերադարձի» երկրորդ ծրագիրը", - գրել է Զաքարյանը: